16:13 | 18.03.19 | Նորություններ | 8271

ԱԲ-ով աշխատող Travelinsights-ը կնպաստի ՀՀ-ում տուրիզմի զարգացմանը

Այսօր Երեւանում կայացել է արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող Travelinsights գործիքի շնորհանդեսը:

Գործիքն օգնելու է զարգացնել Հայաստանի զբոսաշրջային ոլորտը` առցանց հայտնի հարթակներից իրական ժամանակում հավաքելով եւ վերլուծելով տարբեր ծառայությունների վերաբերյալ կարծիքներ: Գործիքը, վերլուծելով հավաքագրած առցանց տվյալները, օգնում է հասկանալ զբոսաշրջության ոլորտում առկա դրական ու բացասական երեւույթները՝ զբոսաշրջիկի աչքերով:

Գործիքի մշակմանը ներգրաված են եղել տվյալագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ, ուսանողներ, ինչպես նաեւ զբոսաշրջության ոլորտի փորձագետներ:

ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից ստեղծված պիլոտային ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը:



Travelinsights-ը մշակվել է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ազգային նորարարական կենտրոնի կողմից:

«Գործիքը մեզ կարող է օգնել հասկանալ զբոսաշրջիկների բավարարվածության ու դժգոհության աղբյուրները, լուծել ոլորտի խոցելի հարցերը, զարգացնել զբոսաշրջության շուկան, ինչպես նաեւ ներդրումներ կատարել նոր շուկաներում ու ծառայություններում, ինչպիսիք են էկոտուրիզմն ու գաստրոտուրիզմը»,- նշել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Travelinsights-ը կգործի որպես հարթակ բիզնեսների համար, ներառյալ` ռեստորանների, հյուրանոցների եւ թանգարանների, որոնք ցանկանում են զբոսաշրջության ոլորտում հետեւել հիմնական միտումներին եւ բարելավել իրենց ծառայությունները:

Ազգային նորարարական կենտրոնը ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնությունն է, որին աջակցում է ՄԱԶԾ-ն:

«Մեր վերջնանպատակն է բազմապատկել մի շարք ոլորտներում եւ զարգացման նպատակների վրա դրական ազդեցությունը, ներառյալ արժանապատիվ աշխատանքը եւ լավ ենթակառուցվածքները»,- նշել է ՄԱԶԾ ադմինիստրատորի տեղակալ, Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Սպոլյարիչ Էգգերը: