12:06 | 18.03.19 | Նորություններ | 4583

Պյոտր Սվիտալսկին հանդիպել է ԵՄ աջակցություն ստացած հայաստանյան ստարտափներին

Մարտի 15-ին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպել է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում տեխնիկական եւ ֆինանսական աջակցություն ստացած ստարտափներին:

Դեսպանը այցելել է ստարտափների գրասենյակներ, ծանոթացել նրանց ներկայացրած լուծումներին եւ տրամադրած ԵՄ աջակցության արդյունքներին:

«Հայաստանի ստարտափ էկոհամակարգը մեծ ներուժ ունի որպես տնտեսական զարգացման եւ գիտելիքահեն աճի շարժիչ ուժ: Մասնավորապես, սա շատ հետաքրքիր ոլորտ է երիտասարդ սերնդի համար: ԵՄ աջակցությունը ստացած այս նորարար ստարտափները Հայաստանի արագ աճող մրցունակ տեխնոլոգիական էկոհամակարգի վառ օրինակներն են»,- նշել է Պյոտր Սվիտալսկին:

ԵՄ դեսպանը հանդիպել է հետեւյալ ստարտափներին՝

Pixomatic (ԵՄ ֆինանսավորումը՝ €46,000) - նորագույն օնլայն ֆոտո խմբագրիչ՝ պատկերի կտրման յուրահատուկ գործառույթով։ Այն թույլ է տալիս հանել յուրաքանչյուր լուսանկարի ֆոնը, այն թափանցիկ դարձնել, ավելացնել տարբեր գույներ եւ ֆիլտրեր կամ փոխել ֆոնն այլ լուսանկարով։

photo © Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

RendChain (ԵՄ ֆինանսավորումը՝ €14,000) - ապակենտրոնացված ցանց, որը թույլ է տալիս համակարգիչները ուղիղ կապով միացնել մի ցանցի, որը թույլ կտա ցանկացած մարդու մեկ ակնթարթում օգտվել միլիարդավոր համակարգիչներից: Ցանցին կարող են միանալ հեռախոսներ, պլանշետներ, նոթբուքներ եւ հզոր համակարգիչներ:
ԵՄ ֆինանսավորումը՝ 14.000 եվրո

Breedge (ԵՄ ֆինանսավորումը՝ €12,500) - առցանց հարթակ, որն օգնում է ՓՄՁ-ներին եւ ստարտափներին որոնել ուսանողների՝ նորաստեղծ աշխատանքային հաստիքների համար։ Breedge-ն օգտագործում է մեքենայական ուսուցման տեխնոլոգիա՝ վերլուծելու ուսանողներից եւ ընկերություններից ստացած տվյալները եւ առաջարկելու լավագույն տարբերակը։

Embry (ԵՄ ֆինանսավորումը՝ €50,000) - քաշ կորցնելու նպատակով ստեղծված էլեգանտ ու նորարար տեխնոլոգիական լուծում է։ Այն շուկայում ակտիվությունը գրանցող միակ սարքն է, որն ունի ներկառուցված խելացի կշեռք։ Սարքը մեկ փոքր կրիչի մեջ ներառում է ինչպես ակտիվությունը գրանցող սարքի ու խելացի կշեռքի գործառույթներ, այնպես էլ վիրտուալ մարզչի եւ սննդաբանների ցանց։ Այսպիսով, Embry բոլորը մեկում ամենամատչելի գործիքն է՝ քաշ կորցնելու համար։

photo © Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Chessify (ԵՄ ֆինանսավորումը՝ €46,000) - շախմատային հարթակ, որը հեղաշրջում է շախմատասեր հանրության փորձը՝ շախմատային ծրագրերում կիրառելով արհեստական բանականության նորագույն տեխնոլոգիաներ։ Ստարտափը մատուցում է ծառայություններ նախատեսված ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական մակարդակի շախմատիստների համար։

photo © Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Grovf (ԵՄ ֆինանսավորումը՝ €46,000) - օգտագործման համար պատրաստ FPGA արագացված NoSQL տվյալների բազա՝ արդյունաբերական իրերի ինտերնետ (IIOT) սենսորների կողմից գեներացված տվյալները մշակելու եւ պահպանելու համար: Պրոդուկտի նախատիպն արդեն 10 անգամ ավելի արագ գործարքներ է իրականացնում եւ 31 անգամ ավելի էներգախնայող է՝ համեմատած ժամանակակից լուծումների հետ։

PinoKIT (ԵՄ ֆինանսավորումը՝ €14,000) - մատչելի եւ հարմարավետ կրթական լաբորատոր սարք, որն օգնում է STEM կրթական կենտրոններին բարձրացնել ուսանողների ներգրավվածությունը եւ դասընթացների արդյունավետությունը՝ հետաքրքիր պրակտիկ փորձարարական աշխատանքների միջոցով:

ԵՄ դեսպանն այցի ավարտին նաեւ մասնակցել է Startup Europe Week Yerevan 2019-ի պաշտոնական բացմանը:

photo © Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

2017թ.-ից ի վեր Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրը, որն իրականացվում է ԳՄՀԸ-ի (GIZ) կողմից, աջակցում է հայաստանյան ստարտափներին երկու տեսակի ենթադրամաշնորհների՝ Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների (ՆԶՀԴ) եւ Գիտության տեխնոլոգիաների ձեռներեցության (ԳՏՁ) դրամաշնորհների միջոցով՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ:

- Ծրագրին մասնակցելու արդյունքում ստեղծվել է 224 նոր աշխատատեղ:
- Շուկայում նոր ապրանքների եւ ծառայությունների համար ստեղծվել է 45 նոր գաղափար:
- Ծրագրին մասնակցելու արդյունքում ստեղծվել է 22 նոր ընկերություն
- Ներգրավվել է առնվազն €400,000 ներդրում:
- Դասընթացներին, սեմինարներին եւ boot camp-երին է մասնակցել 2,063 հոգի:
- Աջակցություն է ստացել 65 ստարտափ:
- ԵՄ ՆԶՀԴ եւ ԳՏՁ դրամաշնորհ է ստացել 33 ընկերություն: