15:13 | 08.03.19 | Նորություններ | 3916
Մարտի 7-ին «Թումո» կենտրոնում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը պաշտոնապես մեկնարկել է «Եվրոպական միությունը թվային օրակարգի համար» (EU4Digital) տարածաշրջանային նախաձեռնությունը:
Արեւելյան գործընկերության 6 երկրներում մեկնարկող ծրագրի նպատակն է նպաստել թվային տնտեսության առանցքային ոլորտների (հեռահաղորդակցության կանոններ, վստահություն եւ անվտանգություն, էլեկտրոնային առեւտուր, տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների նորարարություն, էլեկտրոնային առողջապահություն եւ էլեկտրոնային հմտություններ) զարգացմանը:
36 ամիս տեւողությամբ ծրագիրը մեկնարկել է հունվարի 14-ին եւ կավարտվի 2021թ. դեկտեմբերի 31-ին:
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Միասնական թվային շուկայի հարցերով հանձնակատար Անդրուս Անսիփը հույս է հայտնել, որ ողջ տարածաշրջանը կշահի EU4Digital ծրագրից:
«Վերջին տարիների թվային զարգացումները բավական սրընթաց էին Հայաստանում, ինչը հանգեցրեց ոլորտում լուրջ փոփոխությունների: ԵՄ-ի կողմից ԱԳԼ երկրներին տրամադրվող աջակցության շրջանակում Հայաստանն իր ծրագրերով ավելի լավ է իրեն դրսեւորում եւ ավելի շատ ֆինանսական աջակցություն է ստացել, քան, օրինակ, Ուկրաինան»,- նշել է Անդրուս Անսիփը, ընդգծելով Հայաստանում 1 միասնական թվայնացման համակարգ ունենալու կարեւորությունը:
EU4Digital-ը կնպաստի ԵՄ-ի ու նրա 6 արեւելյան գործընկեր երկրների միջեւ համագործակցության ամրապնդմանը: Ծրագրի առանցքում ռոումինգի ներդաշնակեցումն ու գերարագ լայնաշերտ ինտերնետային կապի ապահովումն է, ինչը կհանգեցնի ավելի լավ սակագներով առցանց ծառայությունների բարելավմանն ու ընդլայնմանը, ինչպես նաեւ անձնական տվյալների պաշտպանությանը: Սա, իր հերթին, թույլ կտա ավելի շատ ներդրումներ ներգրավել, կխթանի առեւտուրն ու զբաղվածությունը: