17:06 | 06.03.19 | Նորություններ | 5689
Հայ-բրիտանական WICASTR ընկերությունն այն 10 ընկերությունների թվում է, որոնք կմասնակցեն Techstars Լիսաբոն աքսելերացիոն ծրագրին:
Ծրագիրն իրականացվում է Semapa Next-ի հետ համատեղ եւ կենտրոնանում է այնպիսի ընկերությունների վրա, որոնք լուծում են արտադրության, տեղափոխման, լոգիստիկայի, կայունության եւ ճանապարհորդական խնդիրներ:
Եռամսյա ծրագրի ավարտին՝ մայիսի 29-ին, ընկերություններն իրենց պրոդուկտները կներկայացնեն դեմո օրվա ընթացքում:
«Techstars-ի եւ Semapa Next-ի նպատակն է օգնել ընտրված 10 ընկերություններին զարգանալ՝ մեր գործընկերների եւ հիանալի մենթորային ցանցի օգնությամբ»,- նշել են աքսելերատորում:
2013թ. մայիսին Լոնդոնում ստեղծված եւ Հայաստանում գրասենյակ բացած WICASTR-ի SMART EDGE հարթակն ապահովում է տվյալների մշակում եւ կոնտենտի (հավելվածներ, երաժշտություն, կայքեր, խաղեր եւ այլ) տարածում իրական ժամանակում՝ առանց ինտերնետ կապի առկայության:
Հարթակը կազմված է երկու բաղադրիչից՝ մեծ հիշողությամբ սարք, որը հանդես է գալիս որպես լոկալ սերվեր՝ տվյալների վերլուծության եւ իրական ժամանակում կոնտենտի տարածման հնարավորությամբ եւ ծրագրային ապահովում, որը հնարավորություն է տալիս հեռակառավարել սարքը եւ թարմացնել կոնտենտը: