12:27 | 26.02.19 | Նորություններ | 10603

14 թիմ եւ 120 մասնակից՝ ամփոփվել են Startup Boost Weekend Vol4-ի արդյունքները

Ամփոփվել են փետրվարի 22-24-ին Երեւանի պետական համալսարանում կայացած Startup Boost Weekend Vol4 միջոցառման արդյունքները:

Նախաձեռնությանը մասնակցել է 120 ուսանող՝ 5 երկրից, որոնք ներկայացնում էին հայաստանյան եւ արտասահմանյան 15 ուսումնական կենտրոններ:

photo © Startup Boost Weekend

Երեք օրերի ընթացքում ձեւավորվել են 14 թիմեր, որոնք երրորդ օրվա ավարտին ներկայացրել են իրենց գաղափարները ժյուրիին։ Հաղթող թիմերն են՝

ARD Music – երաժշտություն գեներացնող հարթակ, որն օգնում է երիտասարդ վիդեո բլոգերներին եւ գեյմերներին գեներացնել իրենց անհատականությունը բնորոշող երաժշտություն։

Hush – անոնիմ գնումների եւ առաքման համակարգ՝ խիստ անձնական իրերի համար, որն օգտագործում է սմարթ կոնտրակներ եւ գոյություն ունեցող համակարգեր։

Vityuu – վիրտուալ իրականության հավելված, որն օգնում է ֆոբիա ունեցող մարդկանց հաղթահարել իրենց հոգեբանական խնդիրները՝ խաղերի եւ թերապիայի միջոցով։

Startup Boost Weekend Vol4-ի մասնակիցները մրցանակներ են ստացել աջակից կազմակերպություններից:

«Ռոստելեկոմ» Հայաստանը տրամադրել է €500, €350 եւ €200 եվրոյին համարժեք գումարային մրցանակ 1-ին, 2րդ եւ 3րդ տեղերի համար համապատասխան, ինչպես նաեւ ստարտափի զարգացմանը նպաստող գրքեր։

BlockTeck Armenia Incubator-ը Hush թիմին ընդունել է իր ինկուբացիոն ծրագիր:

photo © Startup Boost Weekend

ANEL-ի կողմից ընտրվել է PubMe (մոբայլ հավելված, որը թույլ է տալիս ստուգել փաբերի ծանրաբեռնվածության աստիճանը, գտնել միջոցառումներ մոտակայքում եւ փաբերում անակնկալներ պատրաստել ընկերների համար) թիմը՝ մասնակցելու INNOCENS ծրագրի վերջնական փիչինգի մրցույթին, որի արդյունքում թիմը կարող է ստանալ Իսպանիա մեկնելու հնարավորություն՝ ERASMUS+ ծրագրի շրջանակում հաջորդ փուլին մասնակցելու նպատակով։

10Web.io-ի կողմից լավագույն 3 թիմերը ստացել են ընկերության ծառայություններին մեկ տարվա բաժանորդագրություն:

Hero House-ը Hush թիմին տրամադրել է մեկ ամիս Hero House-ի գրադարանից օգտվելու հնարավորություն։

PCAT-ն լավագույն 3 թիմերին տրամադրել է անվճար հաշվապահական եւ հարկային հաշվառման վարում՝ մինչեւ առաջին գործարք։



Մի շարք թիմեր ստացել են հատուկ մրցանակ EU-SMEDA ծրագրի կողմից՝ գրքեր ակտիվ մասնակցության համար։

Startup Boost Weekend Vol4-ը 54-ժամյա միջոցառում է՝ միտված ձեռնարկատիրական մտածելակերպի տարածման խթանմանն ուսանողների շրջանում:

photo © Startup Boost Weekend

Այն կազմակերպում է Catalyst հիմնադրամը՝ համագործակցելով ԵՊՀ Ձեռներեցության զարգացման կենտրոնի, «Բրիջ» ստարտափի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ինովացիոն ինկուբատորի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի հետ:

Մրցույթն իրականացվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի շրջանակում։

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միության EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է: