12:43 | 04.12.18 | Նորություններ | 14616

Հայտնի են Startup Boost Weekend Vol3-ի հաղթող ստարտափները

Դեկտեմբերի 1-2-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացվել է Startup Boost Weekend Vol3 միջոցառումը, որի նպատակն էր խթանել ձեռնարկատիրական մտածելակերպի տարածումը ուսանողների շրջանում։

Այն հանդիսանում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն, եւ միջոցառման երկու օրերի ընթացքում տարբեր համալսարանների ուսանողներ հնարավորություն են ստացել միասին աշխատել, կազմավորել թիմեր, գեներացնել գաղափարներ, հանդիպել եւ աշխատել փորձառու մենթորների, ձեռներեցների եւ ներդրողների հետ, իսկ երկրորդ օրվա ավարտին իրենց գաղափարները ներկայացրել փորձառու ժյուրիին:

Միջոցառման բացմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար պարոն Գոնզալո Սեռանոն, ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Մարիամ Բաբայանը, «Ռոստելեկոմ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը եւ ImpactAim Venture Accelerator-ի ղեկավար Ռուզաննա Սաֆարյանը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն ներկայացրել է ԵՄ աջակցությամբ իրականացվող նորարարության եւ ստարտափ էկոհամակարգերին ուղղված միջոցառումները:

ԵՄ-ի կողմից համաֆինանսավորվող եւ ԳՄՀԸ (GIZ)-ի կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Մարիամ Բաբայանի խոսքով, ծրագիրն արդեն երրորդ անգամ է աջակցում Startup Boost Weekend նախագծին, քանի որ հենց երիտասարդներն են տիրապետում այն ներուժին, որն անհրաժեշտ է զարգացնելու երկրի նորարարական եւ ՏՏ ոլորտները:

«Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը նշել է, որ մեծապես կարեւորում է միջոցառմանը հայաստանյան առաջատար համալսարանների ուսանողների մասնակցությունը, եւ որ ստարտափ մտածողությունը պետք է ձեւավորվի հենց համալսարանական, ուսանողական տարիքից։ Նա ընդգծել է, որ ընկերությունը նույնպես սկսել է որպես ստարտափ, իսկ այսօր արդեն հանդիսանում է առաջատար օպերատորներից մեկը, եւ միջոցառման արդյունքում նույնպես ակնկալում է նոր հետաքրքիր նախագծեր տեսնել։

Startup Boost Weekend Vol3-ը միավորել էր նախաձեռնության գործընկեր 6 համալսարաններից ուսանողների՝ Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայ-Ռուսական համալսարան, Երեւանի պետական համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։

Երկու օրերի ընթացքում ձեւավորվեցին 10 թիմեր, որոնք երկրորդ օրվա ավարտին ներկայացրել են իրենց գաղափարները ժյուրիին։ Հաղթող թիմերն են՝

- Eventor – անվճար եւ արագ մանկական ծննդյան միջոցառումների կազմակերպում՝ ելնելով մայրիկի սոցիալական էջերում նկատվող նախընտրություններից

- EyeZ – տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց օգնող սարք, որը թույլ է տալիս ճշգրիտ կողմնորոշվել շարժման ընթացքում

- PromoCar – հարթակ, որը միավորում է բրենդներն ու լրացուցիչ եկամուտ նախընտրող վարորդներին, ովքեր պատրաստ են բրենդավորված ավտոմեքենա վարել։

«Ռոստելեկոմ»-ի կողմից հաղթող թիմերին տրամադրվել են $600 եւ $400 համարժեք դրամային մրցանակներ առաջին եւ երկրորդ տեղերի համար։ Երկրորդ թիմը նաեւ հնարավորություն է ստացել մասնակցել ANEL Startup Incubator ծրագրին։

Startup Boost Weekend Vol3 միջոցառումն իրականացվել է Catalyst հիմնադրամի կողմից ՝ Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից համաֆինանսավորվող եւ ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ինովացիոն ինկուբատորի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ։

Միջոցառման կազմակերպմանը աջակցել են «Ռոստելեկոմ» Հայաստանը, Impact Aim-ը, Creatr-ը, Hero House-ը եւ CA Training and Consulting-ը: