13:56 | 18.09.18 | Նորություններ | 10382

Հայտնի են Startup Boost Weekend-ի հաղթողները

Երեւանում ամփոփվել են ձեռներեցությունը խթանելուն ու ուսանողների քաջալերմանը նվիրված Startup Boost Weekend մրցույթի արդյունքները:

Հայաստանի Ամերիկյան համալսարանում կայացած 54-ժամյա մրցույթի շրջանակում մասնակիցները ձեռք են բերել ստարտափ սկսելու պրակտիկ հմտություններ, հանդիպել փորձառու մենթորների, ձեռներեցների եւ ներդրողների հետ:

Մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է Render Chain System (RCS) թիմը, որը ներկայացնում է ապակենտրոնացված վիդեո ռենդերինգի (rendering) ծառայություն: Թիմը ստացել է EPIC Startup Incubator-ի, ինչպես նաեւ Armenia Startup Academy-ի առաջիկա աքսելերացիոն ծրագրերին մասնակցելու հնարավորություն, $600 մրցանակ: Quest Tour ստարտափն էլ առաջին մրցանակակրին ընձեռել է իրենց խաղի միջոցով Հայաստանը բացահայտելու հնարավորություն։

Երկրորդ տեղում հայտնված Creatr թիմին շնորհվել է $400 մրցանակ եւ գրքերի փաթեթ: Թիմի մշակած լուծումը ֆիլմարտադրողներին կապում է ներդրողների եւ հովանավորների հետ:

3-րդ տեղն էլ զբաղեցրել է Internet of Cows (IOC) թիմը, որը մշակել է կովերի առողջական խնդիրները հայտնաբերող սարք: Ստարտափը որպես խրախուսական մրցանակ ստացել է գրքերի փաթեթ:

Երեք մրցանակակիր թիմերը ստացել են նաեւ Startup Wise Guys-ի օնլայն նախաաքսելերացիոն ծրագրին մասնակցելու հնարավորություն:

Մասնակից թիմերից Food.net-ին ընձեռնվել է Founder Institute-ի աքսելերացիոն ծրագրին անվճար մասնակցության հնարավորություն: Իսկ Musprod թիմը, որի մշակած լուծումը թույլ է տալիս լսել երաժշտություն՝ կրիպտոարժույթ վաստակելու ընթացքում, Hero House-ի կողմից ստացել է իր տարածքում մեկ ամիս աշխատելու եւ YLedger բլոկչեյն կոնսորցիումին միանալու հնարավորություն:

Startup Boost Weekend-ը կազմակերպվում է տեխնիկական եւ ոչ տեխնիկական կրթություն ունեցող ուսանողների շրջանում բարձր մակարդակի պրակտիկ հմտություններ ձեւավորելու նպատակով:

Միջոցառումը կազմակերպում է Catalyst հիմնադրամը՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի EPIC Startup Incubator-ի հետ համագործակցությամբ՝ ԵՄ եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է: