11:33 | 11.02.19 | Նորություններ | exclusive 2191

Գարնանը Երեւանում կանցկացվի Yerevan Testing Days կոնֆերանսը

Ապրիլի 29-ից մայիսի 1-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում կկայանա Yerevan Testing Days կոնֆերանսը՝ նվիրված ծրագրային ապահովման թեստավորմանը:

Կոնֆերանսի կազմակերպիչներն են ArmSTQB - Armenian Software Testing Qualifications Board ընկերությունը, Quality Testing Lab ընկերությունը, Որակի ապահովման մասնագետների հայկական միությունը եւ Հայաստանի ամերիկյան համալսարանը։

Կոնֆերանսի ընթացքում ելույթ կունենան միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ Հայաստանից եւ արտերկրից:

Գրանցվել եւ խոսնակների ցանկին ծանոթանալ կարելի է այստեղ:


Itel.am-ի հետ զրույցում կոնֆերանսի կազմակերպչական թիմի անդամ Արամայիս Հովհաննիսյանը նշել է, որ միջոցառման անցկացումը Հայաստանի համար աննախադեպ է։

«Նման միջոցառումները պահանջված են եւ պարբերաբար անցկացվում են Եվրոպայում, Ասիայում եւ ԱՄՆ-ում: Մեր նպատակն է Հայաստանում զարգացնել թեստավորման մասնագիտացումը, որն էլ իր հերթին կազդի տեղական արտադրանք հանդիսացող ծրագրային ապահովման որակի վրա»,- նշել է նա:


Yerevan Testing Days-ի առաջին օրը կանցկացվի մրցույթ ծրագրային համակարգերի թեստավորմամբ զբաղվող խմբերի միջեւ: Մրցույթի մասնակիցներին տրվելու են խնդիրներ, որոնց լուծման համար կտրամադրվի աշխատավայր եւ ժամանակ: Արդյունքները կքննի հանձնաժողովը եւ կհրապարակի կոնֆերանսի վերջին օրը:

Երկրորդ եւ երրորդ օրերը հագեցած են լինելու տեսական եւ կիրառական սեմինարներով: Նախատեսվում են գործնական ժամեր, որոնց ընթացքում արդիական գործիքների, խնդիրների եւ թեստավորման տեխնիկաների շուրջ քննարկումներ կծավալվեն: