16:53 | 07.02.19 | Նորություններ | 5933

ARCNET հարթակում թողարկվել է բլոկչեյնի վրա հիմնված առաջին սերտիֆիկատը

Փետրվարի 5-ին ArcCert նախագիծը՝ Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) եւ ARCNET ստարտափ համագործակցության արդյունքում թողարկել է բլոկչեյն տեխնոլոգիայի վրա հիմնված առաջին սերտիֆիկատը։


ArcCert-ը բլոկչեյն տեխնոլոգիայի վրա հիմնված ապակենտրոնացված հարթակ է, որը կրթական հաստատություններին, վերապատրաստման կենտրոններին տրամադրում է գործիքներ՝ կեղծիքից պաշտպանված եւ հեշտ վավերացվող դիպլոմներ եւ վկայականներ թողարկելու համար։

ISTC ծրագրավորման դպրոցի Python լեզվի ծրագրավորող Նարեկ Երանոսյանը ստացել է Հայաստանում բլոկչեյնի վրա հիմնված առաջին սերտիֆիկատը:


«Այսօր, շատ ժամանակակից մարդիկ տվյալների թղթային պահպանման փոխարեն նախընտրում են թվայնացված պահպանման տարբերակը։ ArcCert-ը կոտրում է հին մտածելակերպի բոլոր կարծրատիպերը։ Շնորհիվ այդ հարթակի՝ ես վստահ եմ, որ անկախ իմ գտնվելու վայրից իմ տվյալները ամենուրեք հասանելի կլինեն։ Ինչպես նաեւ, սերտիֆիկատները, դիպլոմները եւ հմտությունների մասին տվյալները գտնվում են վստահելի ձեռքերում եւ հասանելի են մեկ վայրում»,- նշել է նա:

ISTC Կրթական ծրագրերի համակարգող Իննա Ամիրխանյանն էլ հավելել է, որ ISTC-ն կիրառելու է ArcCert հարթակը՝ իր կրթական ծրագրերի սերտիֆիկատները տրամադրելու նպատակով:

«ArcCert-ի հետ համագործակցության միջոցով մենք կկարողանանք տրամադրել սերտիֆիկատներ, որոնք ամենուրեք հասանելի կլինեն մեր ուսանողներին, ինչպես նաեւ կկարողանանք կանխարգելել խարդախությունները, քանի որ հարթակը բացառում է կեղծ սերտիֆիկատներ տալու հավանականությունը»,- ընդգծել է նա: