16:55 | 13.12.18 | Նորություններ | 6882
Դեկտեմբերի 12-ին Arcnet բլոկչեյն ստարտափը եւ Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) կազմակերպել էին քննարկում՝ նվիրված դիպլոմների կեղծարարության կանխարգելմանն ու հայաստանյան կրթական հաստատությունների հեղինակության պաշտպանության հարցերին:
Քննարկման բանախոսներն էին Հայաստանում ամերիկյան համալսարանի Գիտության եւ Ճարտարագիտության բաժանմունքի դեկան Արամ Հաջյանը, Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր Ռուբեն Գեւորգյանը, Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի Hi-tech եւ գործարարական նախագծերի կոորդինատոր Քրիստինա Սարգսյանը, Arcnet-ի համահիմնադիր եւ տեխնիկական գծով տնօրեն Վազգեն Մանուկյանը:
Քննարկման ընթացքում ներկայացվել են «Կեղծարարությունը միջազգային բարձրագույն կրթության մեջ» հետազոտության արդյունքները։
Բանախոսները հիշեցրել են, որ դեկտեմբերի 2-ին Իսրայելում ձերբակալվել են տասնյակ բժիշկներ՝ Հայաստանում կեղծ դիպլոմներ ստանալու կասկածանքով։ Քննարկվել են կեղծ դիպլոմների, կոչումների քանակի աճի հիմնական պատճառները եւ հնարավոր լուծումները։
Arcnet-ի համահիմնադիր եւ տեխնիկական գծով տնօրեն Վազգեն Մանուկյանը ներկայացրել է բլոկչեյնով թողարկված դիպլոմների առավելությունները՝
- հետագծելիություն ու թափանցիկություն,
- տվյալների անփոփոխելիություն - դիպլոմի բովանդակությունը փոփոխման ենթակա չէ,
- անվտանգություն - արձանագրությունները բլոկչեյնում կրիպտավորված են։ Բացի դրանից տվյալների պահպանումը ապակենտրոնացված է, ինչն ապահովում է տվյալների անձեռնմխելիությունը:
Arcnet-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Վահե Մկրտչյանն էլ ներկայացրել է ընկերության կողմից մշակված ArcCert սերտիֆիկացիոն հարթակը, որը նախատեսված է բլոկչեյնով դիպլոմների եւ սերտիֆիկատների թողարկման համար։ Նա նշել է, որ Arcnet-ը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ISTC-ի հետ: Կողմերը համատեղ կփորձարկեն ArcCert հարթակը՝ ISTC-ի առաջին բլոկչեյն դիպլոմների թողարկման համար։