11:33 | 05.02.19 | Նորություններ | 3462
«Սինոփսիս Արմենիա» ընկերությունը փետրվարի 4-ին ավարտական հավաստագրեր է շնորհել 2018թ. իրենց ուսումնառությունը հաջողությամբ ավարտած գործընկեր համալսարանների 129 շրջանավարտներին:
Հավաստագրեր են հանձնվել տեխնիկական գիտությունների 4 թեկնածուների, 55 մագիստրոսի եւ 70 բակալավրի, որոնք աշխատում են ինտեգրալ սխեմաների (IC) նախագծման եւ էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) ոլորտում:
«Միկրոէլեկտրոնիկայի նման արագ փոփոխվող ոլորտում արհեստավարժ եւ արտադրությանը պատրաստ շրջանավարտներ կրթելու գործում խիստ կարեւոր է բիզնեսի եւ կրթության սերտ եւ արդյունավետ համագործակցությունը։ Մենք հետեւողականորեն շարունակում ենք զարգացնել եւ ընդլայնել ԲՈՒՀ-արդյունաբերություն բացառիկ մոդելը՝ կիրառելով ուսումնական ծրագիրը խորացնող եւ ընդլայնող տարբեր նորարարական մեթոդներ»,- նշել է «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանը:
Անդրադառնալով ԲՈՒՀ-արդյունաբերություն կրթական մոդելի հիման վրա իրականացվող կրթական ծրագրերին` «Սինոփսիս Արմենիայի» Ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը նշել է․
««Սինոփսիս Արմենիա»-ի Ուսումնական դեպարտամենտը ուսանողներին տալիս է համաշխարհային մակարդակի կրթություն` ուսումնական գործընթացում նրանց տրամադրելով «Սինոփսիսի» գերժամանակակից էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ծրագրային փաթեթներ, համաշխարհային հեղինակավոր համալսարանների կողմից ճանաչված եւ օգտագործվող համապարփակ ուսումնական նյութեր, բարձր որակավորում եւ փորձ ունեցող դասախոսական կազմ եւ ժամանակակից տեխնիկական ենթակառուցվածք ու միջավայր»։
«Իր գործունեության ընթացքում «Սինոփսիս Արմենիա»-ի ուսումնական դեպարտամենտի ծրագիրն ավարտել են միջազգային չափորոշիչներին բավարարող արտադրությանը պատրաստ 896 բարձրորակ մասնագետներ, որոնք հաջողությամբ իրացնում են իրենց հմտությունները տեղական եւ միջազգային տեխնոլոգիական աշխատաշուկայում: Հպարտությամբ կարող եմ փաստել, որ մեր շրջանավարտներից ոմանք այսօր աշխատում են Apple, Global Foundaries, Intel, Samsung, Siemens եւ համաշխարհային առաջատար այլ ընկերություններում»,- ընդգծել է «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Գործընկեր համալսարանների հետ իրականացվող կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո շրջանավարտները համալսարանի ավարտական դիպլոմի հետ մեկտեղ ստանում են «Սինոփսիսի» որակավորման հավաստագիր, որը նրանց հնարավորություն է տալիս աշխատանքի տեղավորվել ինչպես «Սինոփսիսում», այնպես էլ ՏՏ ոլորտում գործող այլ ընկերություններում:
Ընկերությունում նշել են, որ «Սինոփսիսի» Ուսումնական դեպարտամենտում բակալավրի ծրագրով սովորող 3-րդ եւ 4-րդ կուրսերի 111 ուսանողներից 59-ը (54%-ը) արդեն աշխատում են «Սինոփսիսի» ճարտարագիտական բաժանմունքներում։