09:38 | 05.02.19 | Նորություններ | 10436
Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը պատմել է ընկերությունում Agile ծրագրի ներդրման փորձի մասին:
Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ գրառումից, որն Անդրեյ Պյատախինը արել է իր ֆեյսբուքյան էջում:
Նորաոճ բառը
Հավանաբար, Agile-ն այսօր ամենանորաոճ բառն է, եւ եթե որոշ ընկերություններում չկա Agile-ի ներդրման հատուկ ծրագիր, ապա դա պարզապես «ամոթ» է:
Ներգրավվելով նորաոճ պատմության մեջ, մենք ակտիվորեն սկսեցինք ուսումնասիրել Agile-ի առանձնահատկությունները. հրավիրում էինք մարզիչների, գրքեր էինք կարդում, պատերի վրա նկարում: Մի խոսքով, փորձեցինք բոլոր կախարդական գործողությունները եւ բազմաթիվ նոր բառեր սովորեցինք՝ Սպրինտ, Կանբան, Սքրամ…
Լուծել մեկ խնդիր
Երկար քննարկումներից հետո, իրագործման համար ընտրեցինք մեկ խնդիր եւ որոշեցինք ստեղծել իրական Սքրամ թիմ: Թիմը կազմվեց տարբեր գործառույթ ունեցող, որոնք ուղղակիորեն ինձ էին ենթարկվում:
Թիմի խնդիրն էր ազատվել հին սակագնային պլաններից: Հեռահաղորդակցային օպերատորի համակարգերում մեծ քանակությամբ սակագներ են կուտակվում: Մարքեթինգը գործարկում է նոր սակագին, սակայն հինը շարունակում է մնալ համակարգում: Եվ որքան շատ են ծառայությունները, այնքան ավելի բարդ են այդ աղյուսակները: Տասնամյակների ընթացքում այդ համակարգերում հազարավոր նման սակագներ են կուտակվել:
Հաճախորդների ամբողջական բազայի վրա որեւէ փոփոխություն կատարելու դեպքում (օրինակ, ռոումինգում Բուրկինա Ֆասոյից Բուրունդի զանգի արժեքի նվազումը), անհրաժեշտ է փոփոխություններ կատարել բոլոր աղյուսակներում:
Մենք սահմանեցինք նպատակ, սովորեցինք մեթոդաբանությունը, հավաքեցինք թիմը եւ մեկնարկեցինք: Արդյունքում, խնդիրը լուծեցինք, եւ սակագների քանակը տասն անգամ կրճատեցինք: Ամեն ինչ գրեթե լավ է, զիլ է, սակայն…
Մեր Սքրամ թիմին ոչ մի նոր ծրագիր կամ խնդիր չէին ցանկանում տալ: Այն տեղեկատվությունից հետո, թե եթե լավ առաջադրանք չլինի, ես կլուծարեմ թիմը եւ կուղարկեմ աշխատակիցներին հետ՝ իրենց բաժիններ, պարզվեց, որ շատ ղեկավարներ ընդհանրապես չէին ուզում հետ վերցնել նրանց:
Արդյունքում, Սքրամ թիմի կեսն աշխատանքից ազատվեց, մյուս կեսը՝ վերադարձավ իրենց նախկին պարտականությունների իրականացմանը՝ հին մոդելով:
Ձախողման պատճառները
Վերլուծելով իրավիճակը, ես կարող եմ ընդգծել մի քանի կետեր, որոնք, ամենայն հավանականությամբ, թույլ չեն տալիս Agile-ին հարմարվել դասական կորպորացիաներում:
1. Նոր թիմը, որը կիրառում է Agile-ի նոր մեթոդաբանությունները, չի կարող գտնվել վակուումում՝ այն համագործակցում է կորպորացիայի հետ, որն աշխատում է այլ մեթոդաբանությամբ: Եվ վերջինը, իրոք, ունի ավելի շատ ուժ եւ «իշխանություն»՝ դիմադրելու նորին՝ ընդ որում շատ կտրուկ:
2. Սքրամ թիմի որոշ անդամներ, անկեղծ ասած, թույլ աշխատողներ էին: Երբ ես հարցնում էի ղեկավարներին, թե ինչու եք այդպիսի թույլ մարդ ուղարկել թիմին, պատասխանը պարզ էր. «Անդրեյ, ես այնքան կարեւոր նախագծեր ունեմ, բոլորն էլ քրտնաջան աշխատում են, եւ ես չեմ կարող իսկապես խելամիտ մարդուն կտրել իր գործերից»: Պարզ դարձավ, թե ինչու անձնակազմի կեսին հետ չվերցրեցին:
3. Կատարված առաջադրանքը օգտակար էր, բայց, ինչպես ասում են, «wow» չէր: Այդ լուծումը օրինակ չէր, թե Agile մեթոդաբանությունները կարող են հրաշքներ գործել, որոնք հնարավոր չէ կատարել սովորական փորձարկված մեթոդներով:
4. Մեթոդաբանության որոշ տարրեր, որոնց մենք խստորեն հետեւում էինք, ավելորդ էին: Եվ դա զայրացնում էր աշխատակիցներին:
Վերլուծելով խնդիրը
Վերլուծելով իրավիճակը, ես հստակ կարող եմ ասել.
Անհնար է «հիերարխիկ-բյուրոկրատական համակարգային» ընկերության անձնակազմի նույնիսկ մասի, շեշտում եմ՝ մի փոքր մասի անցումը Agile-ին:
Էվոլյուցիան պետք է անցնի մի քանի միջանկյալ փուլով: Առնվազն «ծրագրի միջգործառնական» մշակույթի ներդրում է պետք:
Agile-ի ներդրումը պահանջում է լրացուցիչ որակյալ միջոց, մինչդեռ ներկայումս գործող ծրագրերի հետ չպետք է հակասություններ առաջանան:
Առաջին խնդիրը պետք է լինի շատ զիլ, սուպերWOW՝ այնպիսին, որը ընկերությունը երբեւէ չի լուծել:
Մեթոդաբանությունն իրականում պետք է ճշգրտվի իրականության համար: Դուք կարող եք եւ պետք է այն հարմարեցնեք ընկերությանը:
Agile-ն իրոք շատ լավն է: Եվ պետք է հասկանալ, որ ոչ բոլոր ճաշկերույթներին համապատասխանում է Cristal շամպայնը: Հաճախ, «Խորհրդային շամպայնը» ավելի համապատասխան է: Եվ եթե հասկանում եք, որ դուք ի վիճակի չեք գլուխ հանել, համարձակորեն շատ «Խորհրդային շամպայն» գնեք: Մի՛ վախեցեք առօրեականություններից՝ դրանք փորձարկված են ժամանակով: