13:46 | 31.01.19 | Նորություններ | 7536

Սուրեն Մարկոսյանի Epic! թվային գրադարանը $30 մլն է ներգրավել

List.am-ի հիմնադիր Սուրեն Մարկոսյանի կողմից ԱՄՆ-ում հիմնադրած Epic! ընկերության մշակած մանկական թվային գրադարանը ներդրումային D ռաունդում $30 մլն է ներգրավել:

Ներդրումը կատարել են Evolution Media ներդրումային ընկերությունը եւ Creative Artists գործակալությունը:

ԱՄՆ-ում հիմնադրված Epic!-ը մանկական թվային գրադարան է՝ նախատեսված մինչեւ 12 տարեկան երեխաների համար: Հիմնադիրներն են Սուրեն Մարկոսյանը եւ YouTube, Google and Disney ընկերություններում թոփ պաշտոններ զբաղեցրած Քեւին Դոնըհյուն:

Ներդրումային 4 ռաունդներում Epic!-ն ընդհանուր առմամբ $51,5 մլն է ներգրավել:

Ներկայում Epic!-ն օգտագործվում է ԱՄՆ տարրական դպրոցների 91%-ում: Այն հասանելի է AppStore-ում, Google Play-ում, ինչպես նաեւ Kindle-ում:

Գործարկումից մինչ օրս հարթակում 500 մլն-ից ավելի գիրք է ընթերցվել: Հարթակից օգտվել է շուրջ 10 մլն երեխա:

2014թ. հունվարից գործող ընկերությունը համագործակցում է 250-ից ավելի առաջատար հրատարակիչների հետ, այդ թվում՝ HarperCollins, Macmillan, Sesame Workshop, National Geographic Kids եւ Smithsonian Enterprises:

Երեխաներին առաջարկվող կոնտենտը մանրամասն ստուգվում է մանկական հրատարակությամբ զբաղվող փորձագետների խմբի կողմից, իսկ հարթակի խորհրդատվական ալգորիթմը, ըստ երեխայի կարդալու մակարդակի եւ նախասիրությունների, նրան նախընտրելի տարբերակներ է առաջարկում:

Հիշեցնենք, որ 2017թ. Epic!-ը ներդրումային C ռաունդում $8 մլն էր ներգրավել:

Սամվել Ղարագյոզյան