16:29 | 22.01.19 | Նորություններ | 3423

DataArt տեխնո ընկերությունը Հայաստանում կենտրոն հիմնելու ծրագրեր ունի

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է DataArt ընկերության տնօրենների խորհրդի անդամներ Միխայիլ Զավիլեյսկուն եւ Յուլյա Զավիլեյսկայային։

DataArt-ը գործում է արդեն 20 տարուց ավելի եւ առաջարկում է ՏՏ լուծումներ ֆինանսական, առողջապահական, տուրիզմի, մեդիայի եւ ինտերնետ իրերի (IoT) ոլորտում։

Ընկերության երկու տասնյակ կենտրոններում աշխատում են 2600-ից ավելի մասնագետներ։ Ծառայությունների աշխարհագրությունն ընդգրկում է ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Արգենտինան եւ այլն։

Միխայիլ Զավիլեյսկին նշել է, որ իրենց ընկերությունը հետաքրքրված է համագործակցությամբ, այդ թվում` Հայաստանում իրենց կենտրոնը հիմնելու ծրագրով։ Նրանք պատրաստակամ են աջակցելու նաեւ ՏՏ ստարտափերի էկոհամակարգի զարգացմանը, ինտեգրվելու հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտին եւ կիսելու իրենց գիտելիքներն ու փորձը։

Հակոբ Արշակյանն ընդգծել է տարբեր տարիներին, այդ թվում նաեւ Խորհրդային Միության ժամանակաշրջանում, բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ մասնագետների բարձր որակավորումը, Հայաստանի տեխնոլոգիական մեծ ներուժը, որոնց հիմքի վրա ներկայում էլ ակնհայտ են ոլորտի զարգացման ու առաջընթացի միտումները։

Նախարարն ընդգծել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նշանակալի դերը ոլորտի զարգացման գործում։ Նշվել է նաեւ, որ ներկայում բուհում լուրջ բարեփոխումների փուլ է, ոլորտի առաջատար ընկերություններ ընդգրկված են կրթական մոտեցումների մշակման գործընթացում եւ իրենց լաբորատորիաններն են բացում այնտեղ։

Հակոբ Արշակյանը վստահեցրել է, որ Հայաստանում նորարարության պակաս չկա, եւ համապատասխան միջավայրի ու պայմանների ստեղծման պարագայում սրընթաց վերելքն անխուսափելի է լինելու։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությանը , որի մաս են կազմում նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնությունների տրամադրումն ու ազգային վենչուրային հիմնադրամ ունենալու նախագիծը։

Քննարկվել են համագործակցության հնարավոր բոլոր ուղղությունները, դրանցում հայ մասնագետների ներգրավվածության հնարավորությունները։