11:45 | 22.01.19 | Նորություններ | 8204

Armenia Startup Academy-ի Դեմո օրվա շրջանակում 12 ստարտափ է ներկայացել

Հունվարի 19-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն երրորդ շրջանի ստարտափների Դեմո օրը:

Միջոցառման ընթացքում ծրագրի մասնակից 12 ստարտափները ներկայացրել են իրենց պրոդուկտները, պատմել, թե ինչ են սովորել ակադեմիայում եւ ներկայացրել ապագա ծրագրերը:

Մասնակից ստարտափներն են՝

IMPEL-H1 Heart Monitoring System - ալգորիթմների համակարգ, որը թույլ է տալիս հետեւել սրտանոթային համակարգի աշխատանքին եւ 99% ճշգրտությամբ բացահայտել խնդիրները:

Illuria security - տեղեկատվական անվտանգություն ապահովող ավտոմատացված համակարգ, որը թույլ է տալիս բացահայտել եւ չեզոքացնել կիբեռհարձակումները:

Risksensor - արհեստական բանականության օգտագործմամբ ստեղծված ֆինանսական ռիսկի կառավարման գործիքակազմ՝ սպեկուլատիվ եկամուտ վաստակող անհատ թրեյդերի համար։

Robin by Expper Technologies - Ռոբինը հաճախորդների սպասարկող ռոբոտ է, որը արհեստական բանականության միջոցով կարող է զրուցել հաճախորդների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին։

EasyDMARC - էլեկտրոնային նամակները վստահելի դարձնելու եւ դոմեյնի ու էլ. փոստի անվտանգությունը ապահովելու համար նախատեսված համակարգ։

RetentionForce - մարքեթինգային ավտոմատացման եւ հաճախորդների սպասարկման գործիքակազմ՝ գեղեցկության սրահների համար:

AnteoHealth - առողջապահական թվային հարթակ, որն օգնում է հաշված րոպեների ընթացքում վիրտուալ կապ հաստատել լավագույն բուժ-մասնագետների հետ եւ ստանալ բուժման ծրագիր՝ բջջային հավելվածի միջոցով:

Puzl - ապրանքներ դասակարգող ռոբոտների համար նախատեսված արհեստական բանականության լուծում:

Petto - սարք եւ համակարգ, որն արհեստական բանականության շնորհիվ կապ է ստեղծում մարդու եւ վերջինիս բույսի միջեւ՝ թույլ տալով հաղորդագրություն գրել միմյանց՝ մոբայլ հավելվածի միջոցով։

Altered Silicon – գերհամակարգիչների եւ կրիպտոմայնինգի համադրություն: Ստարտափն առաջարկում է HPC-ների վարձակալություն, որոնք իրականացնում են մայնինգ HW աքսելերատորների ազատ ժամանակ: Արդյունքում` թանկարժեք HW աքսելերատորները յուրաքանչյուր օր 24 ժամ շարունակ գեներացնում են եկամուտ:

DoHirus - հարթակ, որը թույլ է տալիս անհատներին հրապարակել կարճաժամկետ աշխատանքներ, եւ աշխատանք փնտրողներին գումար վաստակել՝ կատարելով ներկայացված աշխատանքները։

Cryptondx - հարթակ, որը տրամադրում է ամբողջական տեղեկատվություն կրիպտո արժույթների եւ կրիպտո-շուկաների մասին:

Հիշեցնենք, որ Armenia Startup Academy-ն հագեցած նախաաքսելերացիոն ծրագիր է, որի շրջանակում ստարտափները 12 շաբաթների ընթացքում զարգացնում են իրենց պրոդուկտը:

Ակադեմիայի 12-շաբաթանոց նախաաքսելերացիոն ծրագրի երրորդ շրջանը մեկնարկել էր 2018 թ. hոկտեմբերի 1-ին: Ծրագրում ներգրաված է եղել 52 ստարտափ եւ 121 ձեռներեց, որոնք մասնակցել են շուրջ 400 հանդիպումների, 100-ից ավելի վորքշոփերի, ունկնդրել Հայաստանից եւ արտերկրից մենթորների խորհուրդներ:

Armenia Startup Academy-ն Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։

Այն իրականացվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է: