Հայկ Եսայանը
12:02 | 26.12.18 | Նորություններ | 21945
Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը կարծում է, ինտերկոնեկտի բարձր գինը խոչընդոտում է Հայաստանում մոբայլ կապի շուկայի զարգացումը:
«Իմ կարծիքով, գոլություն ունի մի խնդիր, որի պատճառով մեր շուկան դանդաղ է զարգանում՝ վերջինիս մոբայլ մասով: Դա ինտերկոնեկտի գինն է, որը միմյանց վճարում են օպերատորները՝ իրար ցանցեր զանգերի դիմաց: Այսօր Հայաստանում դա արժի 8.4 դրամ՝ 1 րոպեի համար, ինչը շատ թանկ է: Այդ պատճառով ստեղծվում է իրավիճակ, երբ ողջ աշխարհի շուրջ 40 օպերատորի ցանցեր կարող ենք զանգել ավելի էժան գնով, քան հայկական մյուս երկու մոբայլ օպերատորների համարներին: Դա հանգեցնում է նրան, որ մեր ընկերությունը չի կարողանում բաժանորդներին տրամադրել շատ րոպեներ՝ այլ օպերատորներին զանգեր կատարելու համար, ինչպես դա արվում է Եվրոպայում կամ ԱՄՆ-ում, որտեղ օպերատորները նման զանգերի համար տալիս են 10-20 հազ. րոպե՝ մեկ ամսվա կտրվածքով»,- ընդգծել է Հայկ Եսայանը՝ «Գոլոս Արմենիի»-ն տված հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ ինտերկոնեկտի գինը հաստատում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ բոլոր երեք մոբայլ օպերատորների համաձայնությամբ:
«Օպերատորներից մեկը դեմ է գնի կտրուկ իջեցմանը: Ճիշտ է, հունվարի 1-ից ինտերկոնեկտի գինը Հայաստանում կիջնի մինչեւ 7,4 դրամ, սակայն, մեծ հաշվով, դա չի փոխում շուկայում առկա դրությունը: Մենք կարծում ենք, որ փոխադարձ զանգերի արժեքն ընդհանրապես պետք է կազմի 0 դրամ: 4G տեխնոլոգիայի շնորհիվ, մենք կարող ենք տրամադրել զանգերի 10 հազ. անգամ ավելի շատ ծավալ, քան 2G-ի դեպքում: Եվ հիմա ստացվում է, որ ինտերկոնեկտի գնի պատճառով ձայնային ծառայություններ մատուցելու մեր հնարավորությունների միայն 1%-ն է օգտագործվում: Կարծում եմ, այս հարցի առնչությամբ մենք պետք է հասնենք սկզբունքորեն այլ որոշման»,- նշել է Ucom-ի գործադիր տնօրենը:
Հայկ Եսայանը նաեւ ընդգծել է, որ Ucom-ում աճում է մեկ բջջային բաժանորդից ստացված միջին ամսական եկամուտը (ARPU):
«Դա նշանակում է, որ Ucom-ի բաժանորդներն ավելի շատ ծառայություններից են օգտվում, քան նախկինում: Եվ դա ամենակարեւորն է: Այսինքն՝ մեր բաժանորդները հասկանում են, որ Ucom-ի ծառայություններն իսկապես լավն են: Իսկապես՝ եթե նայենք բջջային եւ ֆիքսված ինտերնետի միջին արագության ցանցին, ապա այդ ցուցանիշով մենք արդեն երկրորդ տարին է՝ ինչ առաջատար ենք»,- հավելել է Ucom-ի գլխավոր տնօրենը: