12:00 | 20.12.18 | Նորություններ | exclusive 7247

Google-ի տեխնոլոգիաները եւ DevFest Armenia 2018-ը

Դեկտեմբերի 15-ին ISTC կենտրոնում DevFest ամենամյա տեխնոլոգիական կոնֆերանսը միավորել էր Google-ի եւ բաց կոդով տեխնոլոգիաներով հետաքրքրված ՏՏ ոլորտի շուրջ 250 մասնագետի եւ ներդրողի։

Արդեն 7-րդ անգամ անցկացվող կոնֆերանսը կազմակերպել էին Google Developer Group (GDG) Yerevan համայնքը եւ ISTC կենտրոնը՝ Google ընկերության օժանդակությամբ։

photo © GDG Armenia

Itel.am-ի հետ զրույցում GDG Armenia-ի համակարգող Վարդան Պապիկյանը նշել է, որ միջոցառումն այս տարի ներկայացումներից բացի ներառում էր պանելային քննարկումներ, որոնք նմանատիպ միջոցառումներում նորամուծություն են։

Կոնֆերանսի օրակարգում ընդգրկված էր 10 թեմա, որոնցից 3-ը պանելային քննարկումներ էին։ Դրանք նվիրված էին ամպային տեխնոլոգիաներին, ստարտափ ընկերություններին եւ մեքենայական ուսուցմանը: Քննարկումներին մասնակցել է հայկական ընկերությունների 12 ներկայացուցիչ:

photo © GDG Armenia

Ելույթներով ներկայացել են ARLOOPA, illuria Security, PicsArt, 2Hz, ServiceTitan, YerevaNN, IntelinAir եւ տեխնոլոգիական այլ ընկերությունների մասնագետները։

DevFest միջոցառումների գլխավոր հովանավորն է Google ընկերությունը։ Այս տարի GDG համայնքի գործընկերներն էին ARLOOPA, SmartGate VC ընկերություններն ու ML Yerevan համայնքը։