17:21 | 03.12.18 | Նորություններ | 12858

Beeline-ի աջակցությամբ Հայաստանի լավագույն PR մասնագետները կպարգեւատրվեն

Այս տարի երրորդ անգամ կանցկացվի Հայկական PR մրցանակաբաշխությունը՝ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) եւ Հայաստանում Beeline-ի աջակցությամբ։

PR մրցանակաբաշխությունը հիմնված է գիտական ուսումնասիրությունների եւ անկախ փորձագետների կարծիքի վրա։ Հետազոտական աշխատանքների ընթացքում իրականացվել են հարցումներ թիրախային խմբերի (PR փորձագետներ, ԶԼՄ ներկայացուցիչներ) հետ, մշտադիտարկման են ենթարկվել գերատեսչությունների աշխատանքն ու պետական, քաղաքական, հանրային գործիչների գործունեությունը, ի մի են բերվել Հայաստանում հանրային կապերի ոլորտում իրականացված լավագույն ծրագրերն ու միջոցառումները:

«Beeline-ն առաջին իսկ օրվանից եղել է այս մրցանակաբաշխության կողքին, հիանալի գիտակցելով, թե որքան կարեւոր է ճիշտ կազմակերպել հետադարձ կապը հասարակության հետ։ Այն մասնագետները, ովքեր ամեն օր աշխատում են իրենց կազմակերպությունների գործունեության թափանցիկությունը ապահովելու եւ հանրությանը հստակ տեղեկատվություն հասցնելու համար պետք է գնահատված լինեն եւ իմանան այդ մասին», - ընդգծել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Հայկական PR մրցանակաբաշխությունը միակ հարթակն է, որտեղ գիտական հետազոտությունների հիման վրա արժեւորվում են հանրային կապերի մասնագետների կողմից իրականացված աշխատանքները»,- նշել է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը:

Այս տարի ավանդական անվանակարգերին` Տարվա մամուլի քարտուղար, PR իրադարձություն, Իմիջային PR, Հրապարակային գործիչ, Քաղաքական գործիչ, Մշակութային PR, Տարվա ԶԼՄ, Պետական կառույց, Ճգնաժամային կառավարում, PR նախաձեռնություն, Ֆինանսական PR, Հայկական բրենդ, Նորարարական PR եւ PR տեխնոլոգիա, ավելացել են եւս երկուսը՝ Տարվա կին եւ Սփյուռքի ԶԼՄ անվանակարգերը:

«Այս տարվա PR մրցանակաբաշխության համար մենք առաջարկել ենք ՀԲԸՄ-ի երկու հատուկ անվանակարգ՝ «Տարվա կին» եւ «Տարվա Սփյուռքի լրատվամիջոց», որոնք, անշուշտ, կհատկացվեն ամենաարժանավոր հավակնորդներին, որոնք կորոշվեն Ասոցիացիայի կողմից մեկ տարի շարունակ իրականացված ուսումնասիրության եւ մշտադիտարկման միջոցով»,- ասել է ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Դալար Կազանջյանը: