13:56 | 03.12.18 | Նորություններ | 4600
Դեկտեմբերի 1-ին Երեւանի Բագրեւանդի փողոց 21/1 հասցեում կայացել է «Ինժեներական քաղաք»-ի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:
Դրան մասնակցել են ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Ինժեներական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ծրագրի աջակից Համաշխարհային բանկի ներկայացուցիչները։
Արարողությանը ներկա է գտնվել նաեւ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի այս տարվա դափնեկիր, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը։
««Ինժեներական քաղաք»-ը Հայաստանի համար հաջորդ քայլն է կառուցելու համաշխարհային մակարդակի բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածքներ։ Հայերն արդեն հաջողակ են ոլորտում, եւ սա մեծ հնարավորություն է ավելի արագ անցնելու տեխնոլոգիական վերելքի ճանապարհը»,- ասել է Ջեյմս Թրուշարդը։
«Ինժեներական քաղաք ասելով` հասկանում եմ ձեզ` պայծառ, խելացի, աշխարհի մակարդակով խնդիրներ լուծող, գիտահետազոտող հայ մասնագետներին։ Առանց այդ մարդկանց, դատարկ շենքերը ոչ ոքի պետք չեն լինելու։ Մնացե՛ք մեր հողի վրա ամուր, շարունակե՛ք աշխատել, եւ պետությունն այդ ճանապարհին ձեր կողքին է կանգնելու»,-ընդգծել է Հակոբ Արշակյանը։
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտը գլխապտույտ արագությամբ է զարգանում, եւ մենք շահեկան դիրքերում ենք նրանով, որ ԽՍՀՄ-ից ժառանգած լավ դպրոց ունենք այս ոլորտում։ Պիտի առավելագույն ջանքերը գործադրենք, որ կարողանանք տեմպը պահել, եւ ես հավատում եմ, որ համատեղ ուժերով կհաջողենք»,- նշել է Արարատ Միրզոյանը։
ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանն էլ, շնորհակալություն հայտնելով Համաշխարհային բանկին ծրագրին աջակցելու համար, նշել է, որ այս ծրագրի հաջողության հանդեպ վստահությունը պայմանավորված է այսօր ինժեներական ոլորտում գրանցված մեծ հաջողություններով։
«Ծրագրի իրականացման արդյունքում կանխատեսվում է 1500 բարձրակարգ մասնագետների պատրաստում եւ վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղերի ստեղծում, առնվազն 20 կազմակերպությունների հիմնում»,- ընդգծել է Բագրատ Ենգիբարյանը։
Պաշտոնական արարողությունից հետ Ջեյմս Թրուշարդը դասախոսություն է կարդացել «Նեյշնլ Ինսթրումենթս Հայաստան»-ի աշխատակիցների, Երեւանի տարբեր բուհերի ուսանողների համար, ապա շրջայց կատարել «Ինժեներական քաղաք»-ի առաջին բնակիչների` «Նեյշնլ Ինսթրումենս Հայաստան»-ի գրասենյակում։
«Ինժեներական քաղաք»-ը ծառայելու է որպես գիտության, նորարարությունների եւ ձեռներեցության կենտրոն, որտեղ ոլորտի ընկերություններն արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ կմշակեն եւ կիրագործեն նորարարական գաղափարներ՝ տեղական ու միջազգային շուկաներում բարդ տեխնոլոգիական լուծումների առաջադրման նպատակով։
Ծրագիրը կյանքի կկոչվի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ Հայաստանի ինժեներական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ։