11:07 | 01.12.18 | Նորություններ | 4442
Նոյեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր եւ նախագահ Ջեյմս Թրուշարդին։
Մրցանակի հանձնման արարողության ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ տեխնոլոգիաները պատմական հնարավորություն են Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար եւ ընդգծել է, որ նոր ձեւավորվող կառավարության առաջնային խնդիրներից է Հայաստանն ագրարային, հանքարդյունաբերական երկրից տեխնոլոգիական երկրի վերածելը:
«Ես ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ այս մրցանակին արժանանալու կապակցությամբ։ Մեր համագործակցությունը Ձեզ հետ ավելի քան մեկ տասնամյակի պատմություն ունի: Այդ ժամանակահատվածում Դուք՝ «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի հայաստանյան գրասենյակի միջոցով արդեն իսկ հասցրել եք մեծապես նպաստել Հայաստանում ոլորտի զարգացմանը, երիտասարդ մասնագետներին միջազգային շուկաներում դրսեւորվելու հնարավորություն եք ընձեռել»,- նշել է նա։
Ջեյմս Թրուշարդը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատանքի համար եւ նշել, որ իր համար մեծ պատիվ է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին արժանանալը: Նա ներկայացրել է իր ղեկավարած ընկերության գործունեությունը եւ կարեւորել «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության ներկայությունը Հայաստանում, մեր երկրի հետ համագործակցությունը եւ համատեղ ծրագրերը:
Ջեյմս Թրուշարդն ընդգծել է, որ Հայաստանում այժմ գործունեություն են ծավալում ՏՏ ոլորտի համաշխարհային մի շարք խոշոր ընկերություններ եւ համոզմունք հայտնել, որ դրանց թիվը գնալով կավելանա` հաշվի առնելով կառավարության` ոլորտի զարգացմանը միտված քայլերն ու ծրագրերը: Նա նաեւ անդրադարձել է նաեւ տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում կրթության դերակատարությանը` ընդգծելով դրա կարեւորությունը եւ մասնավորապես, ինժեներական բարձրակարգ կադրերի պատրաստման ուղղությամբ հետեւողական աշխատանքը:
Նույն օրը կայացել է նաեւ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին նվիրված նամականիշների մարման արարողությունը։