15:49 | 03.12.18 | Նորություններ | 12384

Ucom-ը մասնակցել է Դիլիջանում կայացած Բիզնես ինովացիոն ֆորումին

Օրերս Դիլիջանում կայացել է 6-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն երկօրյա ֆորումը՝ «Հայաստանի արդիականացման ճանապարհին» խորագրի ներքո:

Բիզնես ինովացիոն երկօրյա ֆորումին մասնակցել են Հայաստանի տնտեսության, գիտակրթական, առաջատար տեխնոլոգիական ոլորտի ընկերություններ եւ կառավարության ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ։

Բիզնես ինովացիոն ֆորումի մասնակից՝ Ucom-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է, որ ընկերությանը հատկապես հետաքրքրում են 3 առաջնային եւ ռազմավարական նշանակության թեմաներ։

«Մասնավորապես՝ կրթությունը, քանի որ որպես խոշոր գործատու խնդիր ունենք որակյալ կադրերի ներգրավման եւ առկա կադրերի որակական չափանիշների բարձրացման կրթվելու միջոցով։ Երկրորդ ուղղությունը կիբեր անվտանգությունն է, որտեղ մեր ընկերությունն առաջատարի դիրքերում է թե՛ առկա թիմի, եւ թե՛ համապատասխան տեխնիկական վերազինման շնորհիվ։ Երրորդ ուղղությունն ինովացիաներն են, որոնք ընկած են լինելու ապագա հեռահաղորդակցման հիմքում։ Մեր գործընկերների հետ այստեղ ծանոթանում ենք այն ռազմավարական ուղղություններին, որոնցով զարգանում է աշխարհը, կիսվում ենք գիտելիքներով, քննարկում ենք խնդիրներ, որոնք ոչ միայն լոկալ այլ համաշխարհային մակարդակի են եւ միասնական ուժերով պետք է ճանապարհներ գտնենք այսօրվա լուծումների արդիականացման համար, որոնք ավելի անվտանգ պետք է լինեն մեր բաժանորդների եւ ցանցի համար»,- ասել է Հայկ Եսայանը:

Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով, այս տարի ֆորումն առանձնացել է պետության ակտիվ մասնակցությամբ:

Ֆորումին մասնակցել է ՀՀ Տրանսպորտի կապի եւ ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ով ներկայացրել է կառավարության կողմից մշակված Հայաստանի Նորարարության եւ Առաջատար տեխնոլոգիական ոլորտի զարգացման ազգային ռազմավարությունը:

Բիզնես ինովացիոն ֆորումին ներկա է եղել նաեւ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը։ ԱԱԾ-ի՝ ի դեմս ծառայության պետ Արթուր Վանեցյանի եւ ԱՏՁՄ-ի՝ ի դեմս գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի միջեւ ստորագրվել է «Հայաստանի կիբեր անվտանգությունն ապահովելու ոլորտում» համագործակցության մասին հուշագիր:

Բիզնես ինովացիոն ֆորումն իրականացվում է 2013թ.-ից ԱՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Արդեն 3 տարի շարունակ Բիզնես Ինովացիոն ֆորումի գլխավոր գործընկերն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը: