16:32 | 14.11.18 | Նորություններ | 11603

Հայկական Renderforest հարթակում արդեն հնարավոր է լոգո ստեղծել եւ վեբ կայք նախագծել

Renderforest հայկական ստարտափը, որը ներկայացնում է վիդեո անիմացիաներ ստեղծելու համանուն հարթակը, Լիսաբոնում կայացած Web Summit-ի շրջանակում հայտարարել է 2 նոր ծառայությունների գործարկման մասին։

Itel.am-ին Renderforest-ում հայտնել են, որ վիդեո անիմացիաներ ստեղծելու հետ մեկտեղ, ընկերությունն այսուհետ կառաջարկի լոգոների ստեղծման, ինչպես նաեւ վեբ կայքերի նախագծման ծառայություններ՝ դառնալով «Երեքը մեկում» բրենդավորման հարթակ։



«Հարթակում ինտեգրված արհեստական ինտելեկտը, «հասկանալով» օգտատերերի նախընտրությունները, առաջարկում է լոգոյի տարբերակներ, վիդեո անիմացիաներ եւ վեբ կայքերի պատրաստի օրինակներ։ Բոլոր առաջարկվող նմուշները ենթակա են փոփոխության եւ խմբագրման»,- տեղեկացրել են Renderforest-ում:


2013թ. հիմնադրված Renderforest-ը ներկայում ունի օգտատերերի կողմից պատրաստված ավելի քան 5 միլիոն տեսահոլովակ, շուրջ 3 միլիոն օգտատեր եւ ավելի քան 200,000 ամսական գրանցում։

Ընկերությունը վերջերս հայտարարել էր նաեւ արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման վրա հիմնված լուծում գործարկելու մասին՝ օգտատերերին առաջարկելով վայրկյանների ընթացքում վիդեոպատրաստում: