14:41 | 14.11.18 | Նորություններ | 5983

Chainpoint համաժողովում ներկայացվել է Հայաստանի բլոկչեյն պոտենցիալը

Այսօր Երեւանում մեկնարկել է Chainpoint 18 միջազգային բլոկչեյն համաժողովը, որին մասնակցում է շուրջ 350 մասնակից եւ 35-ից ավելի խոսնակ՝ 20 երկրներից:

Երկօրյա միջոցառման կազմակերպիչ Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիայի նախագահ Վիգեն Առուշանյանը նշել է, որ ասոցիացիան կենտրոնանում է չորս ռազմավարական ուղղությունների վրա՝ տեխնոլոգիական համայնքի ձեւավորում, կրթական ծրագրերի իրականացում, կարգավորող քաղաքականության մշակում, աջակցություն գործարարությանը:

Նրա խոսքով՝ համաժողովի նպատակն է բլոկչեյնի համաշխարհային համայնքին ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, բարենպաստ գործարար միջավայրը եւ զարգացման հնարավորությունները, ինչպես նաեւ հարթակ ստեղծել արդյունավետ երկխոսությունների համար։

«Ցավոք, այսօր խոսում ենք ոչ թե հաջողության պատմությունների, այլ միայն բլոկչեյնի պոտենցիալի մասին, որն առկա է Հայաստանում: Հույս ունեմ, որ այս պատկերը շուտով կփոխվի, քանի որ ունենք մեծ ներուժ եւ շատ զարգացած ՏՏ ոլորտ»,- ասել է նա:

Ըստ Վիգեն Առուշանյանի՝ բլոկչեյնի մասին խոսելու դեպքում պետք է չմոռանալ նաեւ մայնինգի մասին:

«Այստեղ եւս մեր երկիրն ունի մեծ պոտենցիալ, քանի որ առկա են էներգետիկ (հատկապես՝ կանաչ) ռեսուրսներ: Միակ բանը, որը խանգարում է զարգացնել ոլորտը, իրավական շրջանակի բացակայությունն է: Մենք այն չունենք: Եթե ուզում ենք, որ մեծ ընկերությունները, ինստիտուցիոնալ ներդրողներն իրենց հայացքն ուղղեն դեպի Հայաստան, նրանք պետք է տեղյակ լինեն, թե ինչ օրենքներ են գործում մեր երկրում: Մենք ունենք մի շարք բլոկչեյն գործընկերներ, որոնք սպասում են այդ օրենսդրության հաստատմանը»,- ընդգծել է Վիգեն Առուշանյանը:

«Բոլոր կառավարություններն իրար նման են, նրանք խուսափում են նորություններից եւ կարծում, որ արգելելն ավելի հարմար է: Հարկավոր է անընդհատ խոսել նրանց հետ, բացատրել, մինչեւ նրանցից որեւէ մեկը սկսի հետաքրքրվել տեխնոլոգիայով: Սա գործընթաց է, որը մենք իրականացրել ենք Ուկրաինայում»,- նշել է Ուկրաինայի բլոկչեյն ասոցիացիայի նախագահ Միքայել Չոբանյանը:

«Չենք կարող տարանջատել կրիտոարժույթները եւ բլոկչեյնը: Հույս ունեմ, որ Հայաստանը շուտով կունենա օրենսդրական կարգավորում՝ այս հարցի հետ կապված»,- հավելել է DeStream ընկերության հիմնադիր Տաճատ Իգիթյանը: