17:51 | 12.11.18 | Նորություններ | 14260

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել է երկու նոր ձեռքբերման մասին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է երկու հիմնարար ձեռքբերման մասին:

«Առաջին անգամ Հայաստանում, կոմերցիոն ընկերության կողմից թողարկվել է կորպորատիվ պատասխանատվության տարեկան զեկույց, այս անգամ՝ հիմնված GRI (Global Reporting Initiative) համաշխարհային հեղինակավոր կառույցի սահմանած ստանդարտների վրա»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Զեկույցը չի սահմանափակվում ընկերության սոցիալական ու բնապահպանական գործունեության նկարագրությամբ: Այստեղ ներկայացված են ինստիտուցիոնալ այն հիմքերը, որոնց վրա կառուցված է ընկերության գործունեությունը՝ համաձայն Կորպորատիվ պատասխնատվության ISO 26000 համաշխարհային ուղեցույցների: Այդ հիմքերն են՝ տեղեկատվական անվտանգությունն ու տվյալների գաղտնիությունը, էներգիայի չվերականգնվող ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու խնայողությունը՝ արեւային էներգիայի օգտագործման շնորհիվ, գործարար էթիկան, համայնքների զարգացումը, ռիսկերի կառավարման համար նախատեսված համակարգերը, եւ այլն:

Ամենակարեւոր ձեռքբերումը, որ արձանագրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ առաջին անգամ Հայաստանում, ընկերությունում ներդրված հակակոռուպցիոն կառավարման ու կաշառակերության կանխարգելմանն ուղղված համակարգերի համապատասխանությունն է ISO 37001 եւ ISO 19600 միջազգային ստանդարտներին: Սա ամրագրված է ընկերությանը շնորհված վկայականներով՝ International Compliance Association մասնագիտացված կազմակերպության կողմից իրականացված աուդիտորական ստուգման արդյունքում:

«Վերը նշված պարբերական ստուգումները անցնելու՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը, ոչ միայն ուղղված է ռիսկերի վաղ բացահայտմանը, այլեւ օգնում է կանխարգելել խնդիրները՝ նախքան դրանք կվերածվեն ճգնաժամերի: Ավելին՝ բիզնեսի տեսանկյունից՝ ISO 37001 եւ ISO 19600 միջազգային ստանդարտներին համապատասխանությունը նաեւ ռազմավարական միջոց է՝ հեռահաղորդակցության ոլորտում մրցակցային այնպիսի առավելություն պահպանելու համար, որը պարզապես անհնար է կրկնօրինակել»,- նշել են ընկերությունում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջից տարածված տեսաուղերձում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, մասնավորապես, նշել է. «ISO 37001 եւ ISO 19600 միջազգային վկայականներ ստանալը, ինչպես նաեւ GRI չափանիշների կիրառումը ԿՍՊ զեկույցում, ոչ թե Հայաստանում գործող ընկերությունների համար իրավական պահանջներ են, այլ ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ միջազգային մակարդակում կորպորատիվ կառավարման ամենաբարձր չափանիշներին համապատասխանելու ցանկությունն ու կամքը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար արդյունավետ գործունեության չափանիշը ոչ միայն առաջատար դիրքերն են հայաստանյան շուկայում, այլեւ գործունեության մեջ միջազգային ամենախիստ ստանդարտների, այստեղ ուզում եմ հատուկ ընդգծել՝ հենց կամավո՛ր ներդրումը»:

Լայն հասարակությանը, հայաստանյան ու միջազգային փորձագետներին ու ԶԼՄ-ներին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն առաջարկել է ծանոթանալ GRI ստանդարտներին համապատասխան ստեղծված զեկույցին, եւ ներկայացնել դիտարկումներ ու առաջարկներ՝ ընկերության գործընթացներն էլ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:

«Սոցիալապես պատասխանատու լինելու տեսանկյունից կարեւոր է ոչ միայն այն, թե ի՛նչ է իրականացնում ընկերությունը եւ նյութական ի՛նչ ռեսուրսներով, այլեւ այն, թե ինչպե՛ս է դա իրականացվում», - եզրափակել է Ռալֆ Յիրիկյանը: