16:08 | 08.11.18 | Նորություններ | 13225

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ տուն է վերանորոգվել Թաթուլ գյուղում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շրջանակում, վերանորոգվել է Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում ապրող Մկրտչյանների տունը:

Շուրջ կես տարի առաջ, գործընկերների աջակցությամբ, Մկրտչյանների կիսակառույցում շինարարական աշխատանքներ են սկսվել: Տուֆով պատվել են պատերը, կառուցվել է տանիքը, սանհանգույցը, ներսում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Ժամանակավոր տանիքով պանելային շինությունն այժմ հարմարավետ տուն է դարձել: Գործընկեր կառույցների թիմերը դարձյալ այցելել են Մկրտչյաններին, սակայն այս անգամ՝ բնակարանամուտին մասնակցելու նպատակով:

Ծրագրի շրջանակում՝ գործընկեր կազմակերպությունների ջանքերով լուծվել է ավելի քան 160 ընտանիքի բնակարանային խնդիր:

«Անչափ կարեւոր եմ համարում այս ծրագիրը. այն իր մեջ ունի ոչ միայն սոցիալական, այլեւ՝ առողջապահական բաղադրիչ: Այն կիսակառույցը, որտեղ տարիներ շարունակ ապրել է այս ընտանիքը, առողջական լուրջ խնդիրների պատճառ կարող էր դառնալ. բորբոսնած պատերը միայն պատերի արտաքին տեսքը չեն վնասում: Ուրախ եմ, որ հերթական ընտանիքին հաջողվեց հաղթահարել տարիների խնդիրը: Այսօր ինձ առավելապես հետաքրքրում է նրանց տրամադրության դրական փոփոխությունն ու ապագայի հանդեպ լավատեսությունը: Մարդը պատրաստ է վերելքի, երբ վաղվա հեռանկարն անորոշ չէ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ուրախալի է Մկրտչյանների հետ միասին կիսել այս երջանկությունը, եւ նրանց հայացքներում տեսնել հավատ՝ ավելի լավ ապագա ունենալու նկատմամբ։ Վստահաբար կարող եմ ասել, որ այս ծրագիրը հաջողած է, քանի որ տարեցտարի կարողանում ենք էլի ավելի շատ ընտանիքների պարգեւել այսպիսի երջանկություն»,- նշել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: