12:45 | 02.11.18 | Նորություններ | 11138
Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակցել է Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախաձեռնությամբ անցկացվող 9-րդ ազգային կոնֆերանսին:
Նա ներկայացրել է իր կարծիքը հեռահաղորդակցության ոլորտում ենթակառուցվածքային խնդիրների եւ զարգացման հիմնական հնարավորությունների վերաբերյալ։
«Ենթակառուցվածքներով պայմանավորված խնդիրներ եւ ՀՀ տնտեսության զարգացման հնարավորություններ» խորագրով կոնֆերանսի ընթացքում քննարկվել է երկու թեմա՝ «Առեւտուր եւ կայուն տնտեսական ինտեգրում» եւ «Ենթակառուցվածքներ ու էներգետիկ խնդիրներ»։
Կոնֆերանսի ընթացքում ուշադրություն է դարձվել այն խոչընդոտների կարգավորմանը՝ պայմանավորված ենթակառուցվածքներով, որոնք վերաբերում են էներգակիրներին, ՏՏ եւ հեռահաղորդակցմանը, ներմուծման-արտահանման գործընթացներին, ինչպես նաեւ ճանապարհներով պայմանավորված բեռնափոխադրման խնդիրներին։
«ՀԳՀՄ-ն 9 տարի շարունակ սոցիալական գործընկերությունը խթանելու եւ տնտեսության մեջ առկա խնդիրներն արծարծելու նպատակով կազմակերպում է ազգային կոնֆերանսներ: Մենք շատ բարձր ենք գնահատում գործընկերների մասնակցությունը եւ աջակցությունը այս հարցում: ՏՏ-ն եւ հեռահաղորդակցությունը ՀՀ տնտեսության մրցունակության համար էական դերակատարություն ունեն, եւ մենք ուրախ ենք ողջունել այդ ոլորտի կազմակերպությունների մասնակցությունը եւ դրանց ներդրումը տնտեսության զարգացման գործընթացներում, մասնավորապես ցանկանում եմ նշել Հայաստանում Beeline-ի դերակատարությունը»,- ընդգծել է ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը։
«Ենթակառուցվածքների մշտական զարգացումը ՎԵՈՆ խմբի, այդ թվում եւ Հայաստանում Beeline-ի համար գլխավոր նպատակներից է։ Մենք անընդհատ աշխատում ենք այդ ուղղությամբ եւ զգալի ներդրումներ ենք անում ենթակառուցվածքների մեջ, քանի որ քաջ գիտակցում ենք, որ այսօրվա դրությամբ կապի ժամանակակից տեխնոլոգիաները առանցքային դեր են կատարում Հայաստանում բիզնեսի եւ տնտեսության զարգացման հարցում։ Իսկ մենք մեր կողմից ձգտում ենք մեր հաճախորդների համար ստեղծել լավագույն պայմանները»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Կոնֆերանսին մասնակցել են ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ Կենտրոնական Բանկը եւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը, միջազգային մի շարք կազմակերպություններ, սոցիալական գործընկերներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ եւ դեսպաններ