10:50 | 30.10.18 | Նորություններ | 9919

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Երեւանում է աշխարհի կենդանաբանական այգիների ղեկավար կազմը

Երեւանում մեկնարկել է միջազգային եռօրյա համաժողով, որը նվիրված է կենդանաբանական այգիների դերին՝ վայրի բնության պահպանման եւ կենդանիների վերաբնակեցման (ռեինտրոդուկցիա) գործում:

Եվրասիական կենդանաբանական այգիների ու ակվարիումների՝ ԵԱՌԱԶԱ-ի միջազգային համաժողովը կազմակերպել եւ իրականացնում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC-ն)՝ ՀՀ Բնապահպանության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի հովանու ներքո:

Համաժողովի իրականացման հարցում հիմնադրամին աջակցում է ավելի քան տասնամյա գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որի աջակցությամբ իրականացվող ծրագրերի հիմքում կարեւոր տեղ են զբաղեցնում բնապահպանությունն ու սոցիալական պատասխանատվությունը:

«Մեզանից յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել անհրաժեշտ ինֆորմացիա այս կամ այն ոլորտի վերաբերյալ, ուսումնասիրել, սովորել, վերապատրաստվել ու դառնալ մասնագետ: Դա ցանկության եւ ընտրության հարց է: Կան, սակայն, այնպիսի հարցեր, որոնք պարտավորեցնում են լինել առավել պատասխանատու: Երկիր մոլորակի քաղաքակիրթ, սրտացավ բնակիչ լինելը ընտրության հարց չէ. այդպիսին պարտավոր ենք լինել բոլորս: Թեկուզ այն պարզ պատճառով, որ մենք ապրում ենք այստեղ եւ մեզանից հետո եկող սերնդին պետք է փոխանցենք ոչ թե բնապահպանական աղետի առջեւ կանգնած տարածք, այլ խնամված, պահպանված ու կանաչ երկիր»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Յուրաքանչյուր տարի, ԵԱՌԱԶԱ-ն համախմբում է ԱՊՀ եւ եվրոպական երկրների պատվիրակների եւ կենդանաբանական այգիների տնօրենների: Հայաստանում համաժողովը հրավիրվել է առաջին անգամ՝ մեկ հարկի տակ միավորելով շուրջ 80 կենդանաբանական այգի ներկայացնող 130 պատվիրակի:

Մասնակիցները քննարկում են ոլորտի նվաճումները, միջպետական գործակցության եւ միջազգային նոր կապեր հաստատելու հեռանկարները: Հերթական խորհրդաժողովին ներկայացել են խոշոր կենտրոնների ներկայացուցիչները՝ Տոկիոյի (Ճապոնիա), Մագդեբուրգի (Գերմանիա) եւ Վարշավայի (Լեհաստան) կենդանաբանական այգիների պատվիրակները:

Երեւանում քննարկվելիք թեման կենդանաբանական այգիների կարեւորությունն է՝ վայրի բնության պահպանման եւ կենդանիների վերաբնակեցման հարցում:

Համաժողովի շրջանակում նախատեսված է այցելություն Երեւանի կենդանաբանական այգի՝ տեղում իրականացված աշխատանքներին ծանոթանալու եւ գործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: