17:21 | 23.10.18 | Նորություններ | 2006
Երեւանի պետական պոլիտեխնիկական համալսարանում ամփոփվել է Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL) եւ ՀԱՊՀ ուսանողական խորհրդի կազմակերպած «Տեխնոլոգիական շաբաթ 2018» միջոցառումը:
Միջոցառմանը մասնակցել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ամփոփվել են նաեւ ստարտափ գաղափարների մրցույթի արդյունքները։
Մրցույթում ներկայացված էր 9 թիմ, որոնք նախորդ շաբաթվա ընթացքում ոլորտի կայացած մասնագետների հետ աշխատել էին իրենց բիզնես նախագծերի վրա: 5 րոպեի ընթացքում նրանք ներկայացրել են իրենց գաղափարն ու իրականացման պլանը, այնուհետեւ պատասխանել ժյուրիի անդամների հարցերին։
Մրցույթի ամփոփման արդյունքում ընտրվել են լավագույն երեք թիմերը։ Առաջին տեղը զբաղեցրել է SFA թիմը։
Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ մրցույթին մասնակցող ուսանողները դժվարություններից չեն նահանջի եւ իրենց գաղափարները կվերածեն հաջողակ բիզնեսների՝ չմոռանալով, որ այդ ճանապարհին կարեւորն այն հիմնարար գիտելիքներն են, որոնք իրենք հնարավորություն ունեն ստանալու բուհում։
«Տեխնոշաբաթ» միջոցառման շրջանակում ուսանողները ոչ միայն հնարավորություն են ունեցել մասնակցելու վարպետության դասերի, սեմինարների, հանդիպում-քննարկումների, այլեւ «Բաց դռների օր» միջոցառման շրջանակում ծանոթացել են համալսարանում առկա ենթակառուցվածքներին, այցելել ՀԱՃԼ, Անօդաչու թռչող սարքերի եւ ՀԱՊՀ-Տաշիր-ՀԷՑ գիտահետազոտական կենտրոններ եւ Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ։