14:56 | 23.10.18 | Նորություններ | 9016

Ucom-ը գործարկել է ավտոպարկի կառավարման uFleet նորարարական լուծումը

ԴիջիԹեք 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսին Ucom ընկերության կողմից ներկայացված uFleet ավտոպարկի կառավարման ամպային նորարար լուծումն արդեն հասանելի է օգտագործման համար։

uFleet-ը նախագծված է ավտոպարկի սպասարկման եւ շահագործման արդյունավետությունը բարձրացնելու համար:

Համակարգը հասանելի է Հայաստանի ամբողջ տարածքում բիզնես հաճախորդներին: Այն նախատեսված է այն կորպորատիվ հաճախորդների համար, որոնք ցանկանում են ունենալ «Ծրագրային ապահովումը որպես ծառայություն» մոդելով (SaaS) տրամադրվող ավտոպարկի կառավարման համակարգ եւ չկատարել համակարգի սպասարկմանը եւ ենթակառուցվածքների ստեղծմանն ուղղված ներդրումներ:

Համակարգից կկարողանան օգտվել նաեւ ավտոպարկի պատասխանատուները, ովքեր ցանկանում են համոզված լինել, որ կազմակերպության ավտոմեքենաները շահագործող աշխատակիցները հետեւում են ավտոմեքենաների շահագործման եւ սպասարկման՝ կազմակերպության կողմից ընդունված չափորոշիչներին: Համակարգը կհետաքրքրի նաեւ ղեկավարներին, ովքեր ցանկանում են համոզված լինել, որ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս վարորդները հետեւում են անվտանգության կանոններին եւ չեն շահագործում կազմակերպության մեքենաները:

«uFleet եռալեզու համակարգը տրամադրվելու է «Ծրագրային ապահովումը որպես ծառայություն» մոդելով, ինչը թույլ կտա բարելավել ավտոպարկերի կառավարման եւ սպասարկման արդյունավետությունը, ինչպես նաեւ այդ նպատակով ենթակառուցվածքների ներդրմանն ուղղված ներդրումներ չկատարել»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ծառայության միջոցով հաճախորդները ցանկացած պահի կկարողանան ինտերակտիվ քարտեզի վրա իրական ժամանակում հետեւել ավտոմեքենաների շարժին եւ վարորդների աշխատանքին։ Նրանք կստանան հաշվետվություններ ավտոմեքենայի արագության, անցած ճանապարհի եւ կատարած կանգառների վերաբերյալ, քարտեզի վրա կտեսնեն մեքենայի հետագիծը եւ կատարած կանգառները, ինչպես նաեւ կարող են չափել մեքենաների անցած ճանապարհը երթուղու հաշվիչի օգնությամբ։

Համակարգը նաեւ թույլ է տալիս ցանկության դեպքում վարորդներին տրամադրել հասանելիություն համակարգին, ինչի շնորհիվ նրանք կարող են տեսնել իրենց իսկ հաշվետվությունները, մեքենայի գտնվելու վայրը քարտեզի վրա եւ անցած ճանապարհի հետագիծը:

uFleet-ը կարելի է օգտագործել նաեւ սմարթֆոնից: Համակարգը թույլ կտա հետեւել մեքենաներին Հայաստանի, Արցախի եւ 100-ից ավելի երկրների տարածքում: