14:50 | 12.09.18 | Նորություններ | 12253

Հայտնի են ԴիջիԹեք 2018-ի անցկացման օրերը

ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 5-7-ը՝ «Երեւան էքսպո» կենտրոնում:

«Տոն՝ տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող միջոցառումը կրում է նաեւ «ՏՏ համաշխարհային համաժողովի ճանապարհին» խորագիրը: ԴիջիԹեքին կհայտարարվի WCIT 2019-ի հետհաշվարկը:

Ցուցահանդեսի բաժիններն են՝ Կոմպլեքս ինժեներական լուծումներ, ՏՏ սարքավորումներ եւ համակարգեր, հեռահաղորդակցության եւ ցանցային լուծումներ, բջջային տեխնոլոգիաներ եւ հավելվածներ, խաղային տեխնոլոգիաներ եւ մուլտիմեդիա, տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, տեղեկատվական եւ կիբեռ անվտանգություն, ֆինանսաբանկային լուծումներ:

Ցուցահանդեսին մասնակցում են Ucom, PicsArt, VMware, VOLO, Arloopa, IUNetworks, Webb Fontaine, Instigate, ArmSoft, Early one, GG, HackTech, Mtech, Globbing Keysight Technologies եւ մի շարք այլ ընկերություններ, ինչպես նաեւ Հայաստանով եւ Արցախով սփռված շուրջ 230 դպրոցների «Արմաթ» կրթական ցանցի սաներ ու ստարտափեր: Ի դեպ, ստարտափ ընկերությունները ցուցահանդեսին մասնակցում են արտոնյալ պայմաններով ու համաֆինանսավորմամբ: Մասնակից ընկերությունների ու ծրագրերի թիվը շուրջ 120 է:

«Այս տարի ԴիջիԹեքը կունենա միջազգային լայն մասնակցություն, որը պայմանավորված է նաեւ WCIT 2019-ի նախապատրաստական աշխատանքներով: Երեւանում կլինեն Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) տնօրենների խորհրդի անդամները, ովքեր ԴիջիԹեքում կծանոթանան Հայաստանի ՏՏ ներուժին ու մասնակից ընկերությունների ծառայություններին: Նրանք հանդիպումներ կանցկացնեն պատասխանատու օղակների հետ՝ համապատասխանեցնելու համար հայաստանյան միջավայրը WCIT-ի անցկացման համար»,- նշել է ԴիջիԹեքի կազմակերպիչ՝ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Այս տարվա ընթացքում Ucom-ը վերջնականապես որդեգրեց թվային ընկերություն դառնալու ուղին։ Այո՛, մեզ ճանաչում են որպես հեռաhաղորդակցման կամ կապի օպերատոր, սակայն արդեն այսօր դա մեր գործունեության ճյուղերից մեկն է։ Ucom-ը դարձել է նաեւ ամպային տեխնոլոգիաների, բազմաթիվ OTT-հավելվածների, տեսաբովանդակության տարածման նոր ուղիների ստեղծողն ու ջատագովը։ Մեր ընկերությունը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի պահպանի ամենանորարար, տեխնոլոգիապես առաջատար եւ հաճախորդամետ թվային ընկերության իր իմիջը Հայաստանում: Այսօր մենք ասոցացվում ենք այնպիսի եզրույթների եւ ծառայությունների հետ, ինչպիսիք են NaaS-ը (ցանցը որպես ծառայություն) եւ SaaS-ը (ծրագրային ապահովումը որպես ծառայություն)»,- ընդգծել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

ԴիջիԹեք-ի շրջանակում հերթերից խուսափելու համար կազմակերպիչներն առաջարկում են նախապես գրանցվել՝ այցելելով digitec.am կամ ԴիջիԹեքի ֆեյսբուքյան էջ, որտեղ կարելի է գրանցվել հատուկ ստեղծված chatbot-ի օգնությամբ:

Ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա նաեւ խաղարկություն, որին կմասնակցեն նախապես գրանցված այցելուները. սպասվում են տեխնոլոգիական նվերներ (պլանշետ, հեռախոս եւ այլն): Կանցկացվեն հայ-գերմանական, հայ-թայվանական գործարար ֆորումներ: Կլինեն նաեւ ԴիջիԼայֆ սեմինարներ:

ԴիջիԹեքն իրականացվում է արդեն 14-րդ տարին անընդմեջ՝ ԱՏՁՄ-ի կողմից եւ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ավանդական պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը: