15:03 | 06.09.18 | Նորություններ | 3373

Վարչապետ. «Թումո»-ն կարող է դառնալ Հայաստանի բրենդն աշխարհում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Թումո»-ն կարող է դառնալ Հայաստանի բրենդն աշխարհում` հաշվի առնելով նաեւ երկիր այցելող օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հետաքրքրվածությունը տեխնոլոգիական կրթության հայաստանյան մոդելով:

Այս մասին նա ասել է Թումո»-ի խորհրդի անդամներ Բեկոր Փափազյանի, Ռեւ Լեբարեդեանի, Ալեքս Սերոբյանի եւ «Թումո»-ի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ հանդիպման ժամանակ:

«Տպավորիչ եւ ողջունելի են «Թումո»-ի այսօրվա ձեռքբերումները, բայց դա բավարար չէ. կա նոր հաջողություններ գրանցելու մեծ ներուժ, եւ կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել այդ գործընթացին», - նշել է վարչապետը:

Նրա խոսքով, կառավարության համար առաջնահերթություն է տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը:

«Պատրաստ ենք ակտիվ համագործակցել եւ կոնկրետ աշխատանք տանել այս բնագավառն առաջ մղելու ուղղությամբ, քանի որ տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների շարունակական զարգացումը կնպաստի ընդհանրապես տնտեսական առաջընթացին, պետական կառավարման համակարգում եւ ընտրական գործընթացներում թվայնացման տեխնոլոգիաների արդյունավետ ներդրմանը, ինչպես նաեւ Հայաստանի անվտանգության բարձրացմանը», - նշել է կառավարության ղեկավարը:

«Թումո»-ի խորհրդի անդամներն իրենց հերթին տեղեկացրել են, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը մեծապես ոգեւորել է սփյուռքահայությանը, եւ առկա է մեծ ցանկություն, շահագրգռվածություն եւ պատրաստակամություն` աջակցել հայրենիքին հաջողելու ժողովրդավարական բարեփոխումները, նոր թափ հաղորդելու տնտեսության զարգացմանը:


Նրանք ներկայացրել են խորհրդի մյուս անդամների` Ալեքսիս Օհանյանի, Րաֆֆի Գրիգորյանի հետ համատեղ մշակված առաջարկությունները ՏՏ ոլորտի զարգացման եւ համագործակցության ուղղությունների վերաբերյալ: Դրանք են՝ աջակցություն Հայաստանին ՏՏ ոլորտի ընկերությունների հետ (մասնավորապես, Սիլիկոնյան հովտում) գործնական կապերի հաստատման գործում, ռազմավարական եւ գործառնական հարցերով խորհրդատվություն տրամադրում, ներդրումների ներգրավման ուղղությամբ համատեղ աշխատանքի իրականացում, նորարարական թարմ գաղափարների մշակում, տարեկան աշխատանքային հանդիպման կազմակերպում` ռազմավարության շուրջ մտքերի փոխանակության եւ առաջընթացի վերլուծության համար:

Վարչապետը ողջունել է ներկայացված գաղափարները եւ առաջարկել ինստիտուցիոնալացնել դրանք` ձեւավորել ՏՏ ոլորտի աջակցության խորհուրդ: