13:50 | 17.08.18 | Նորություններ | 36293

Ալեքսիս Օհանյանը կօգնի Հայաստան հրավիրել նորագույն տեխնո ընկերությունների

Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր, Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել արհեստական բանականության, բլոկչեյնի, ինքնավար ավտոմեքենաների ուղղություններով մասնագիտացած ընկերություններին Հայաստան հրավիրելու հարցում:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը:

«Ալեքսիս Օհանյանը մեծապես տպավորված էր հայ ինժեներների մտքի ճկունությամբ, բարդ խնդիրների լուծման կարողությամբ եւ առաջարկում էր շարժվել ապագայի նորարարական տեխնոլոգիաների ստեղծման ու փորձարկման ճանապարհով՝ լուծելով ամենաբարդ խնդիրները արհեստական բանականության, բլոկչեյնի, առանց վարորդի մեքենաների եւ այլ բնագավառներում»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը՝ ներկայացնելով Օհանյանի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասները:

Նրա խոսքով, սփյուռքը տաղանդի, փորձի, միջազգային կապերի անսպառ աղբյուր է:

«Հնարավորություններն անսահման են, եւ պետք է օգտագործենք այդ հնարավորությունները հիմա, առանց վարանելու, մեզանից յուրաքանչյուրը: Այսպիսի ժամանակաշրջան գուցե այլեւս երբեք չլինի, եթե բաց թողնենք հնարավորությունը», -եզրափակել է Հակոբ Արշակյանը: