14:44 | 10.08.18 | Նորություններ | exclusive 82182

Հայկական Zoomerang-ը թույլ կտա «համեմել» սեփական հոլովակը

Հայաստանում ստեղծված Zoomerang հավելվածը, որն ունի օրական շուրջ 4000 ակտիվ օգտատեր, հնարավորություն է տալիս նկարել հոլովակներ՝ համեմելով դրանք նախընտրած երաժշտությամբ ու էֆեկտներով:

Հավելվածն ամերիկյան AppStore-ում վիդեո/ֆոտո մշակմամբ զբաղվող հավելվածների շրջանում զբաղեցրել է 120-րդ տեղը: Zoomerang-ի հեղինակներ Արման Մանուկյանը եւ Դավիթ Գրիգորյանը նախատեսում են առաջիկայում բարելավել արդյունքը եւ հայտնվել Թոփ 50-ում:

Itel.am-ի հետ զրույցում Արման Մանուկյանը նշել է, որ ներկայում հասանելի է հավելվածի միայն iOS տարբերակը, առաջիկայում էլ պատրաստ կլինի Android տարբերակը:

«Հավելվածը վերլուծում է երաժշտությունն ու դրա վրա կիրառում ընտրված էֆեկտը: Ինչպես հուշում է հավելվածի անունը, բացի Erang-ներով էֆեկտներից, կարող եք միացնել նաեւ Zoom-ի ռեժիմը, որը նույնպես հարմարեցվում է երաժշտությանը: Հոլովակը կարող եք նկարահանել միանգամից, կամ մասերով, կարող եք ընտրել կադրերի ցուցադրման մի քանի արագություններից, իսկ վերջում պահել հոլովակը հեռախոսի մեջ կամ կիսվել ընկերների հետ անմիջապես հավելվածի օգնությամբ»,- բացատրել է նա:

Նշենք, որ Zoomerang-ի բետա տարբերակը AppStore-ում հայտնվել է մարտին, հուլիսից էլ հասանելի է հավելվածի արտադրական տարբերակը: