11:52 | 10.08.18 | Նորություններ | 19247

Beeline-ի գրասենյակում կայացել է հանդիպում Summer Business School 2018-ի կազմակերպիչների հետ

Beeline-ի վարչական մասնաշենքում կայացել է հանդիպում Summer Business School 2018-ի կազմակերպիչների եւ մի շարք դասընթացավարների հետ։

Ներկա են գտնվել նաեւ դասընթացին մասնակցել ցանկացող 14-ից 18 տարեկան երիտասարդները եւ նրանց ծնողները։

Հանդիպման նպատակն էր երիտասարդներին հնարավորություն տալ մանրամասն ծանոթանալ Summer Business School 2018 մասնակցության պայմաններին, նպատակներին եւ առավելություններին, ինչպես նաեւ ստանալ հուզող հարցերի պատասխանները:

Summer Business School-ի նպատակն է դպրոցականների մոտ բիզնեսի հետ կապված հմտությունների ձեւավորումը։ Մասնավորապես, գործնական կապեր ստեղծելու նպատակով դասընթացի շրջանակում երիտասարդները այցելում են Հայաստանում գործող խոշորագույն ընկերություններ, հանդիպում են այդ ընկերությունների ղեկավարների եւ աշխատակիցների հետ, ծանոթանում նրանց փորձին։

Այս տարի օգոստոսի 19-ից մինչեւ օգոստոսի 28-ն անցկացվելիք ամառային դպրոցի սաներին որպես հատուկ հյուր կհանդիպի նաեւ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Այսպիսի կրթական նախաձեռնությունները շատ կարեւոր են երիտասարդության մոտ ակտիվ, ձեռնարկատիրական մտածելակերպ ձեւավորելու համար։ Մենք միշտ մեծ պատրաստակամությամբ ենք մասնակցում նման ծրագրերին, քանի որ վստահ ենք, որ առաջին հերթին հենց պատշաճ, որակյալ կրթությունը կարող է օգնել երիտասարդներին իրենց համար ավելի լավ ապագա ստեղծելու հարցում», - նշել է Անդրեյ Պյատախինը։

Ամառային Բիզնես դպրոցը ստեղծվել է 2017թ. Slice Consulting ընկերության կողմից։ 2018թ․խմբի մասնակիցների հավաքագրումը տեղի է ունենում մինչեւ օգոստոսի 10-ը, իսկ մասնակիցների առավելագույն քանակն է 150 հոգի։ Նրանց համար կազմակերպվում են 10-օրյա դասընթացներ Աղվերանում, ինչից հետո մասնակիցները կարող են աշխատանքային պրակտիկա անցնել կամ կամավորական աշխատանքներ կատարել տարբեր ընկերություններում։