13:27 | 05.04.18 | Նորություններ | 56332

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջիկա ամիսներին կավարտի Mobile ID համակարգի ներդրումը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախատեսում է առաջիկա ամիսների ընթացքում ավարտին հասցնել էլեկտրոնային թվային ստորագրության (Mobile ID) ներդրման ամբողջական փորձարկման եւ այլ համակարգերի հետ այն ինտեգրելու աշխատանքները:

«Սա հնարավորություն կտա բոլոր բաժանորդներին տրամադրել նոր որակի ծառայություններ առավել մատչելի եղանակով՝ բջջային էլեկտրոնային խիստ նույնականացման եւ բջջային էլեկտրոնային ստորագրության մասով: Բջջային էլեկտրոնային ստորագրության ներդրվող համակարգը Հայաստանի Հանրապետությունում գործող բջջային մյուս օպերատորներին նույնպես թույլ կտա իրենց բաժանորդներին լիովին հասանելի դարձնել երկրում ներդրված էլեկտրոնային ծառայությունների ամբողջական փաթեթը՝ փոխկապակցման միջոցով»,- ասված է հաղորդագրությունում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ում հիշեցրել են, որ 2017-ից ընկերությունը գործնական քայլեր է կատարում Հայաստանում բջջային էլեկտրոնային ստորագրության համակարգը հասանելի դարձնելու ուղղությամբ՝ համագործակցելով միջազգային GSMA կառույցի հետ:

Բջջային կապի ոլորտում էլեկտրոնային ստորագրության համակարգի կիրառման հիմքում Mobile Connect միջազգային ստանդարտն է: Այն թույլ է տալիս իրականացնել հաճախորդների ինքնության նույնականացում եւ վավերացում, տրամադրել տարատեսակ գործարքների հաստատման թույլտվություն, ինչպես նաեւ՝ կիրառել բջջային էլեկտրոնային ստորագրություն:

Mobile Connect-ը պաշտպանված է վտանգավոր հաքերյան հարձակումներից: