Էդուարդ Ներսիսյանը
11:00 | 16.11.17 | Հարցազրույցներ | exclusive 89709
ՀՀ կառավարությունն 2017թ. օգոստոսին հայտարարեց «Թվային Հայաստան» հիմնադրամի ստեղծման մասին: Կառույցի նպատակն է կառավարման բոլոր ոլորտներում տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիական հենքի վրա ձեւավորել միասնական թվայնացված միջավայր:
Itel.am-ը զրուցել է նորաստեղծ հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Էդուարդ Ներսիսյանի հետ:
- Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ կառավարության կողմից «Թվային Հայաստան» հիմնադրամի ստեղծումը: Ինչո՞ւ հիմա առաջացավ ստեղծման անհրաժեշտությունը:
- Գաղափարն առաջարկվեց վարչապետի կողմից, եւ հիմնականում պայմանավորված էր նրանով, որ Հայաստանի պետական կառավարման համակարգի արդյունավետության եւ թափանցիկության բարձրացման, բիզնես միջավայրի բարելավման համար խիստ անհրաժեշտ է ստեղծել միասնական թվայնացված միջավայր՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները:
Այդ ամբողջ գործընթացի կազմակերպման, համակարգման եւ իրագործման գործառույթը պատվիրակվել է «Թվային Հայաստան» հիմնադրամին։
Այլ կերպ ասած, հիմնադրամը Հայաստանի պետական կառավարման ոլորտում թվային միասնական ռազմավարությունը մշակող, կառավարությանը ծառայություններ եւ մասնագիտական օժանդակություն մատուցող կառույց է։
Թվայնացումն ինքնանպատակ չէ. այն շատ կարեւոր եւ ժամանակակից միջոց է՝ ապահովելու երկրի մրցունակությունը:
- Ի՞նչ կոնկրետ ծրագրերում է ներկայում ներգրավված հիմնադրամը:
- Այսօր մշակման փուլում է «Հայաստանի Թվային օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարական փաստաթուղթը եւ «Թվային Հայաստան» հիմնադրամը «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի» հետ համատեղ ակտիվորեն ներգրավված է այդ աշխատանքներում: Ռազմավարությունն ուղղակի տեսլական չէ, այն կներառի ճանապարհային քարտեզ եւ 2018թ. գործողությունների պլան, որտեղ ներկայացված կլինեն մեր ապագա կոնկրետ անելիքները:
Այդ կերպ ծրագրում ենք Հայաստանի երկարաժամկետ թվային ապագան, նախագծում մեզ համար այդ գործընթացի ճանապարհը եւ առաջնահերթ ծրագրերը, որոնց իրագործումը մեզ կօգնի արդյունավետ կերպով հասնել մեր առջեւ դրված նպատակներին:
Թվային ռազմավարության նախագիծը պատրաստ կլինի մինչեւ տարեվերջ:
Ունենք նաեւ շատ կարեւոր մեկ այլ գործառույթ՝ համակարգել արդեն իսկ ընթացող առանցքային թվայնացման ծրագրերը: Մասնավորապես, պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի եւ էլեկտրոնային թվային ստորագրությունների (Mobile ID) կիրառումը, որը չափազանց կարեւոր է Հայաստանի համար եւ տանելու է նրան, որ ցանկացած քաղաքացի, որը կօգտվի այդ ծառայությունից, հնարավորություն կունենա պետության կողմից ստանալ այս կամ այն ծառայությունը՝ իր բջջային հեռախոսի միջոցով:
Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվում են նաեւ Հայաստանի հանրային ծառայությունների փոխգործունակության պլատֆորմի ստեղծման ծրագիրը եւ «մեկ պատուհանի» սկզբունքով սահմանային կետում պիլոտային նախագիծը։
Թվային ոլորտն առհասարակ առավել թեժ մրցակցության ոլորտներից է, եւ այս տեսակետից շատ կարեւոր է, որ Հայաստանի թվային ոլորտի զարգացման տեմպը համահունչ լինի աշխարհում ընթացող գործընթացներին:
- Քանի՞ աշխատակից ունի հիմնադրամը, ի՞նչ գործառույթներ են նրանք իրականացնելու եւ ի՞նչ միջոցներ են հատկացվել հիմնադրամի ստեղծման համար:
- Այս պահին հիմնադրամն ունի 7 աշխատակից: Երկու թեւ կա՝ տեխնիկական, որը ստանձնել է նաեւ էլեկտրոնային կառավարման միասնական պլատֆորմի ստեղծման գործառույթը, եւ ծրագրերի կառավարման թեւը:
Հիմնադրամն իր մեկնարկային գործունեությունը 2017թ. իրականացնում է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Նախնական կատարված աշխատանքների արդյունքում կարող ենք արձանագրել, որ 2018-ից սկսած՝ կիրականացնենք նաեւ լրացուցիչ միջոցների ներգրավում այլ աղբյուրներից, մասնավորապես՝ միջազգային դոնոր կազմակերպություններից:
Միաժամանակ, ստեղծում ենք նախադրյալներ՝ անցում կատարելու ինքնաֆինանսավորման մոդելի, համապատասխան ծառայություններ մատուցելով կառավարությանը։
- Ինչպե՞ս եք պատրաստում համագործակցել ՏՏ ոլորտի ընկերությունների հետ:
- Կարեւոր ենք համարում, որ Հայաստանի ՏՏ ոլորտի ընկերությունները շատ ակտիվ դերակատարում ունենան այս գործընթացում, քանի որ ունենք հսկայական ներուժ:
Հայաստանում գործում են ամբողջովին հայկական ընկերություններ, որոնք մշակում եւ վաճառում են «պրոդուկտ» զարգացած երկրներին՝ նրանց պատվերով: Վերջերս հանդիպեցի մի քանի ընկերությունների հետ, որոնք էլեկտրոնային կառավարման ծրագրեր են մշակել եւ հաջողությամբ ներդրել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում եւ այլ երկրներում:
ՏՏ ոլորտում ունենք ամենաբարձր միջազգային ստանդարտներով բարդ ծրագրային ապահովում մշակող հայկական ընկերություններ: Սա մեծ մարդկային եւ մասնագիտական ներուժ է, որը մենք պարտավոր ենք օգտագործել: Մենք էլ մեր կողմից ապահովելու ենք բոլոր պայմանները, որպեսզի մեր բոլոր ծրագրերում հայկական ՏՏ ընկերությունները մեծ դերակատարում ունենան:
- Հինգ տարի անց, ո՞րը կհամարեք հիմնադրամի կարեւոր ձեռքբերումը:
- Հինգ տարի հետո անցում ենք կատարելու էլեկտրոնային կառավարման համակարգերի լայն կիրառմանը, որի արդյունքում մեր երկրի բնակչության 90%-ը պետք է կարողանա օգտվել էլեկտրոնային կառավարման համակարգերից եւ մատուցվող էլեկտրոնային ծառայություններից:
Կարեւոր ձեռքբերում կլինի այն, որ կարողանանք արձանագրել, որ ոլորտի զարգացման ծրագրերում մեծ դեր եւ մասնակցություն են ունեցել նաեւ hայկական ՏՏ ընկերությունները:
Նշանակալից ձեռքբերում կհամարեմ նաեւ, որ հինգ տարի անց մեր հայրենակիցները փաստեն՝ պետության կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունները դարձել են առավել հարմարավետ, հասանելի եւ հասկանալի:
Ի վերջո, այս ամենի արդյունքում մենք պետք է կարողանանք Հայաստանում ձեւավորել մրցունակ եւ ունիկալ թվային էկոհամակարգ։
Էդուարդ Ներսիսյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը