11:59 | 25.03.15 | Նորություններ | 2334

Տեխնոլոգիական 12 թիմ արժանացել է դրամաշնորհի

Ամփոփվել են մարտի 23-24-ը կայացած համաֆինանսավորովող դրամաշնորհային մրցույթի արդյունքները, որին Երեւանից, Գյումրիից ու Վանաձորից մասնակցել է տեխնոլոգիական ոլորտի 39 թիմ եւ ընկերություն:

Մրցույթի կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ:

Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է նվազագույնը $10 հազ., առավելագույնը՝ $50 հազ.։ Ներկայացվող ծրագրի առավելագույն տեւողությունը 1 տարի է: Մրցույթի շրջանակում մասնակիցները պայքարել են երեք ուղղվածության դրամաշնորհների համար՝ Նորարարության զարգացման, Գյումրիի եւ Վանաձորի:

Itel.am-ին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից տեղեկացրել են, որ Նորարարության զարգացման համաֆինանսավորվող մրցույթում հաղթող է ճանաչվել 7 նախագիծ՝ ստանալով 50% համաֆինանսավորում: Հաղթողներն են՝

«ggTaxi» - սմարթֆոնի հավելվածի միջոցով ավտոմեքենա պատվիրելու համակարգ, որը լուծում է քաղաքի բոլոր հատվածներում մատչելի ֆիքսված սակագներով ավտոմեքենա (տաքսի) պատվիրելու խնդիրը: Նախագծի մասին ավելի մանրամասն՝ Itel.amնյութում:

«Վանդելիոն» - օնլայն զբոսաշրջային հարթակ, որը տուրիզմի շուկայի մասնակիցներին կտրամադրի միջնորդավորված ծառայություններ: Հարթակն աշխատելու է հաճախորդների, զբոսաշրջային օպերատորների եւ գործակալությունների, հետաքրքրված մյուս կողմերի հետ: Նախագծի մասին առավել մանրամասն առաջիկայում կարդացեք Itel.am-ում:

«My Day at home» - թաբլեթների համանմանությամբ թվային սարք, որը նպատակ ունի օգնել մարդկանց՝ ժամանակին կատարելու առօրյա գործերը, տեղեկանալ եղանակի տեսությանը, զարթուցիչներ դնել, գրառումներ կատարել, ռադիո լսել, շտապօգնության կանչել եւ այլն:

«Penny» - մոբայլ հավելված, որն օգնում է մարդկանց ավելացնել իրենց խնայողությունները եւ կառավարել դրանք արդյունավետ ձեւով:

«Flaxton» - ծառայությունը թույլ է տալիս արագ ստեղծել եւ կարգավորել սերվերների բեռնվածության բալանսավորման հատուկ տրամաբանությունը՝ կախված հավելվածի պահանջներից։ Դրանով 2-3 անգամ բարձրացվում է սերվերների կատարողականությունը, իսկ ծախսերը կրճատվում են 40%-ով:

«Mobile Classroom» - կառավարման համակարգ, որը բավարարում է ուսուցիչների, ուսանողների, դպրոցի ադմինիստրատորների եւ ծնողների պահանջները եւ նպաստում է նրանց միջեւ հաղորդակցության հաստատումը:

«Ակվասորս» - կենսաքայքայվող աբսորբենտ՝ նախատեսված գյուղատնտեսության եւ դեկորատիվ այգեգործության ոլորտում կիրառման համար: «Ակվասորս»-ը ի վիճակի է կլանել եւ իր մոլեկուլների մեջ պահել ոռոգման, տեղումների, եղյամի, մառախուղի խոնավությունը:

Գյումրիի համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (85% համաֆինանսավորում) հաղթողներն են՝

«FamBox» - հնարավորություն է տալիս նորովի ընտրել եւ դիտել ֆիլմեր ու հաղորդումներ հեռուստացույցի, մոբայլ սարքավորումների եւ համակարգչի էկրանին։

«Բրիք Էվոլյուշն» - Ծրագրա–ապարատային հարթակ, որը հնարավորություն կտա փոքր եւ միջին ընկերություններին օգտվել ՏՏ այն լուծումներից, որոնք լայն կիրառվում են խոշոր ընկերություններում եւ բարձր արժեքի պատճառով չեն ներդրվում փոքրերում։

«Movie Trip» - հավելված ճանապարհորդների եւ կինոյի սիրահարների համար, որը պարունակում է համաշխարհային տվյալների հենք՝ այն իրական վայրերի, որոնք այս կամ այն կերպ առնչվում են կինո հերոսների հետ: Itel.am-ն առաջիկայում կանդրադառնա այս այս նախագծին:

«EcoSnap» - մոբայլ հավելված, որը նպատակ ունի օժանդակել այս խնդրի լուծմանը եւ օգտագործողներին ապահովել հեշտ օգտագործվող լուծումով, որը կհամատեղի պատկերների ճանաչման ժամանակակից տեխնոլոգիաները՝ բույսերի նույնականացման եւ դասակարգման վերջին զարգացումների հետ:

Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում հաղթել է «E-Voca Project»-ը՝  ստանալով 85% համաֆինանսավորում:

Պրոդուկտն մոբայլ կիրառական ծրագրերի փաթեթ է՝ բաղկացած տարբեր բջջային աուդիո բառարաններից, որոնք նպատակ ունեն օտար լեզուների ուսուցման գործընթացը դարձնել առավել հեշտ եւ հարմարավետ ժամանակակից մարդու համար:

Ներկայում հայտարարված է մրցույթի 3-րդ փուլը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 17-ն է: