10:58 | 16.02.15 | Նորություններ | 4151

Մեկնարկել է Բրիտանական ֆիլմերի փառատոնը՝ Beeline-ի աջակցությամբ

Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել փետրվարի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում։

Փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը եւ Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, փառատոնի գլխավոր հովանավորը Beeline-ն է: 

Փառատոնը մեկնարկել է Օսկարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված «Նմանակման խաղ» ֆիլմով:

«Երորրդ տարին անընդմեջ Beeline–ը հովանավորում եւ նպաստում է Բրիտանական ֆիլմերի փառատոնի իրականացմանը, եւ մենք ուրախ ենք, որ տարեցտարի ականատես ենք լինում դրական փոփոխությունների թե´ կինոարվեստի սիրահարների շրջանում, եւ թե´ մշակութային կյանքում։ Վստահ եմ, որ ֆիլմերի դիտումը կպարգեւի Ձեզ եւ բոլոր սիրահարներին միմիայն դրական լիցքեր եւ բարձր տրամադրություն՝ փոխելով ձեր կյանքը դեպի ավելի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մենք ուրախ ենք` տեսնելով, որ Բրիտանական ֆիլմերի փառատոնը դարձել է սիրված ու սպասված իրադարձություն հայաստանյան մշակութային կյանքում: Այս տարի եւս մենք հանդիսատեսին ենք ներկայացնելու բրիտանական լավագույն ֆիլմերը` նպաստելով երկու երկրների միջեւ մշակութային հարաբերությունների ամրապնդմանը»,- ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:

Փառատոնի բացմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը:

Բրիտանական ֆիլմերի փառատոնն այս տարի նվիրվում է սիրո տարածման ու պահպանման գաղափարին: Այն մայրաքաղաքում կանցկացվի մինչեւ փետրվարի 20-ը, կցուցադրվի 7 ֆիլմ: «Նմանակման խաղ» ֆիլիմից հետո կցուցադրվեն «Բելը», «Անտեսանելի կինը», «Հնարավորություններն անսահման են», «X+Y», «Վիրունգա» եւ «Սերն ամենն է» ֆիլմերը:

Ֆիլմերը կցուցադրվեն Մոսկվա եւ Սինեմա Սթար կինոթատրոններում ինչպես անգլերեն, այնպես էլ հայերեն թարգմանությամբ:

Փետրվարի 21-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի կունենա հատուկ ցուցադրություն` նվիրված առաջին աշխարհամարտի հարյուրամյակին: Կցուցադրվի «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» ֆիլմը:

Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ: