17:21 | 11.07.12 | Նորություններ | 3685
Երեւան:Մեդիամաքս:«Յուքոմ» ընկերությունը կգնի «Ինտերակտիվ թիվի» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԿԾՀ) համաձայնություն է տվել, որպեսզի
«Ինտերակտիվ Թվի» ՍՊԸ մասնակիցներ Պավլիկ Մարգարյանն ու Կարեն Մարգարյանը իրենց պատկանող համապատասխանաբար 70 եւ 30 տոկոս բաժնեմասերը օտարեն «Յուքոմ» ՍՊԸ-ին:
Մեդիամաքս-ը նշում է, որ այդպիսով, «Յուքոմ»-ը, հանդիսանալով ոչ միայն ինտերնետի, այլեւ կաբելային հեռուստատեսության օպերատոր, կգնի շուկայի խոշոր մասնակիցներից մեկին: Այս գործարքի ավարտից հետո շուկայում «Յուքոմից» բացի կմնա ընդամենը մեկ խոշոր խաղացող` «Եվրոկաբել» ընկերությունը:
Այստեղ կարող եք կարդալ ս.թ. մարտին Մեդիամաքս-ի կողմից պատրաստված հետազոտությունը` Հայաստանի կաբելային հեռուստատեսության օպերատորների մասին:
Հետաքրքիր է, որ ս.թ մարտի վերջում «Ինտերակտիվ Թվի»-ն հայտարարեց, որ սկսում է տրամադրել նաեւ ինտերնետային ծառայություններ: Դրանց զարգացման համար ընկերությունը պայմանագիր էր կնքել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ, որի շրջանակներում բանկը փուլ առ փուլ ընկերությանը պետք է տրամադրեր $2,2 մլն՝ նոր սարքավորումների ձեռքբերման եւ նոր տեխնոլոգիաների ներդրման նպատակով:
Այս գործարքը կլինի երրորդ խոշոր խաղացողի կլանումը «Յուքոմի» կողմից` 2011 թվականին ընկերությունը հայտարարեց Նետսիս եւ Այքան Քոմունիքեյշնս ընկերությունները գնելու մասին: