16:06 | 11.07.12 | Նորություններ | 8462

Մեդիամաքս-ը լիովին թարմացրել է Auto.am նախագիծը

Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ը լիովին թարմացրել է Auto.am նախագիծը, որը ընկերության ամենահին ու ամենայցելվող կայքերից է:

Սա թվով չորրորդ մեծածավալ փոփոխությունն է Auto.am կայքի պատմության մեջ, որը հաջորդ տարի կնշի իր 10-ամյակը:
 
Ամբողջապես թարմացվել է կայքի դիզայնը, օգտագործման հարմարավետությունը եւ ծրագրային մասը: Մասնավորապես, կայքում ներմուծվել է նոր CMS (Content Management System - Բովանդակության կառավարման համակարգ):

Կարեւոր նորամուծություններից է որոնման բլոկում ֆիլտրի առկայությունը, որը ավելի դյուրին է դարձնում նախընտրած ավտոմեքենայի գտնելու գործընթացը եւ արդյունքների ստացումը:

«Ցանկացած կայք պահանջում է մշտական խնամք, բարելավում եւ զարգացում: Մենք մշտապես ուշադիր հետեւում ենք ոչ միայն ոլորտի նոր միտումներին, այլեւ կայքի այցելուների ցանկություններին, որոնց հիման վրա արել ենք շատ փոփոխություններ: Ոլորտի հայաստանյան մասնագետների կարծիքով նորացված Auto.am-ը համապատասխանում է ժամանակակից ավտոմոբիլային կայքերի միջազգային պահանջներին», - ասել է Մեդիամաքս-ի ինտերնետային նախագծերի ղեկավար Կարեն Անտոնյանը:

Շուտով նախատեսվում է գործարկել կայքի վրացերեն տարբերակը, քանի որ Հայաստանի ավտոշուկայի հանդեպ մեծ հետաքրքրություն կա նաեւ Վրաստանից: Արդեն կա պայմանավորվածություն այն մասին, որ խոշոր վրացական ընկերություն Auto.am կայքում կտեղադրի հատուկ առաջարկներ Հայաստանի շուկայի համար:
Auto.am կայքը Մեդիամաքս մեդիա-ընկերության ինտերնետ-հոլդինգի առաջին խոշոր օնլայն նախագիծն է: Կայքը գործարկվել է 2003 թվականին` Հայաստանի ավտոմոբիլային բիզնեսում ներկայացված կազմակերպությունների եւ ընկերությունների գործունեությունը լուսաբանելու նպատակով: Ժամանակի ընթացքում այն անհրաժեշտ եւ օգտակար գործիք է դարձել ինչպես ավտոսիրողների, այնպես էլ շահագրգիռ կազմակերպությունների համար: 

Կայքի օրական այցելությունների քանակը տատանվում է 18.000-ից 20.000 սահմանում: Կայքի հետ համագործակցում են Հայաստանում ավտոշուկայում ներկայացված գրեթե բոլոր խոշոր ընկերությունները , ինչպես նաեւ մի շարք արտասահմանյան ընկերություններ: