11:31 | 06.02.18 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 109760
Հայաստանի ամերիկյան համալսարանում փետրվարի 3-ին կայացել է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն առաջին շրջանի ստարտափների դեմո օրը, որի շրջանակում իրենց նախագծերն են ներկայացրել 11 թիմ:
Itel.am-ն զրուցել եւ առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի առաջին շրջանավարտներին:
Aimhub
Aimhub-ն արհեստական բանականության տարածման եւ հրատարակման (sharing and publishing service) ծառայություն մատուցող հարթակ է, որն օգնում է արհեստական բանականությամբ զբաղվող գիտնականներին եւ ինժեներներին արագորեն գործարկել իրենց կառուցած մոդելները եւ կիսվել դրանցով իրենց թիմակիցների կամ համայնքի այլ անդամների հետ։
Թիմում նշում են, որ իրենց առաքելությունն է արհեստական բանականությունը հասանելի դարձնել բոլորին։
Ընկերության հիմնադիրն է Գեւորգ Սողոմոնյանը, որը վերջին տարիների ընթացքում կառուցել է արհեստական բանականության համակարգեր երկու տարբեր միջազգային կազմակերպություններում։ Թիմը գտնվում է ձեւավորման փուլում։
«Ստարտափի թիրախում են մի կողմից՝ արհեստական բանականությամբ զբաղվող հետազոտողներն ու ինժեներները, իսկ մյուս կողմից՝ մնացած բոլոր ինժեներները, որոնք նպատակ ունեն արհեստական բանականությունն ինտեգրել իրենց ծրագրերում, քանի որ մեր հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ այն հնարավորություն է տալիս բաց հրապարակել մոդելներն այնպիսի ֆորմատով, որոնցից օգտվելու համար հատուկ գիտելիքներ չեն պահանջվի»,- նշում են AimHub-ում:
Խոսելով Armenia Startup Academy-ի նախաաքսելերացիոն ծրագրին մասնակցության արդյունավետության մասին՝ AimHub-ում նշել են, որ այն հնարավորություն տվեց զարգացնել հարաբերությունները ապագա հաճախորդների հետ:
«Վերջին երկու ամիսների ընթացքում 40-ից ավելի եվրոպացի, ամերիկացի եւ հայաստանցի մասնագետների եւ փորձագետների հետ հարցազրույցներ են կազմակերպվել, որպեսզի նմանատիպ պրոդուկտի կարիքը վավերացվի։ Բացի այդ, բազմաթիվ կարեւոր եւ ինֆորմատիվ դասախոսություններ են տեղի ունեցել Հայաստանում իրենց ոլորտի լավագույն մասնագետների կողմից։ Դրանք մեծ հետք են թողել ընկերությունը կառուցելու եւ ապագա քայլերը ճիշտ ընտրելու հարցում»,- ընդգծում են ստարտափում:
AimHub-ը նաեւ մի շարք խորհուրդներ է տալիս աքսելերացիոն ծրագրին այսօր դիմող ստարտափներին.
«Սա բավականին ինտենսիվ եւ լարված, բայց մեծ պարգեւատրությամբ (highly rewarding) փորձ է, որը կարծում ենք յուրահատուկ հնարավորություն է հայաստանյան յուրաքանչյուր ստարտափ կառուցողի համար: Կենտրոնացում եւ ինտենսիվություն՝ մեր կարծիքով այս բառակապակցությունը ամենալավն է բնութագրում այն, ինչ տեղի է ունենում ASA-ում վարագույրների հետեւում»:
Թիմը նախատեսում է առաջիկա մեկ տարվա կտրվածքով գործարկել մինիմալ կենսունակ պրոդուկտը (MVP) եւ կառուցել այն վաղաժամ որդեգրողների (early adopter) համայնքը, որի հիման վրա կփորձի պրոդուկտը դարձնել արհեստական բանականությամբ զբաղվողների գործիքակազմի կարեւորագույն մասնիկներից մեկը։
Armenia Startup Academy-ն Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։ Այն իրականացվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է:
Նարինե Դանեղյան