08:10 | 04.07.16 | Տեխնոլոգիաները եւ կանայք | exclusive 80705

Տեխնոլոգիաները եւ կանայք. Մարիամ Մորոզովա-Աբրահամյան

Եթե մի քանի տարի առաջ Հայաստանում ՏՏ ոլորտի ներկայացուցիչ ասելիս պատկերացնում էիր բացառապես արական սեռի ներկայացուցչի, ապա վերջին շրջանում միջազգային շուկաներում հայկական տեխնոլոգիական պրոդուկտների հաջողությունները, ինչպես նաեւ ստարտափների զարգացմանը նպաստող մեծաթիվ ծրագրերը ոլորտն ավելի գրավիչ են դարձրել նաեւ կանանց համար:

Կո՞դ գրել, զբաղվել պրոդուկտի առաջխաղացմա՞մբ, թե՞ թիմին մեկ այլ բանով օգտակար լինել. հնարավորությունները բազմաթիվ են: 

Itel.am-ը «Տեխնոլոգիաները եւ կանայք» շարքում ներկայացնում է ՏՏ ոլորտում ներգրավված հայուհիներին:

Մարիամ Մորոզովա-Աբրահամյանն աշխատում է Teamable ընկերությունում որպես front-end ծրագրավորող:

***
Սովորել եմ Գեղարվեստի ակադեմիայում, մասնագիտությամբ խեցեգործ եմ: 2000թ. մեր ինստիտուտում բացվեց գրաֆիկ դիզայնի բաժին: Այդ ժամանակ ամեն ինչ նոր էր, եւ լսարանում ընդամենը մեկ համակարգիչ կար, եւ ծնողներս որոշեցին ինձ համար գնել իմ առաջին համակարգիչը: Սկսեցի զբաղվել գրաֆիկ դիզայնով:


Մարիամ Մորոզովան

Յոթ տարի աշխատել եմ որպես գրաֆիկ դիզայներ: Պատահաբար ծանոթացա վեբ դիզայներների հետ, որոնք առաջարկեցին դիզայնով զբաղվել: Սկզբում հետաքրքիր էր, բայց շատ դժվար: Արդեն յոթ տարի է՝ ինչ աշխատում եմ որպես front-end ծրագրավորող: Teamable-ում աշխատանքիս արդեն երկրորդ տարին է:

***

Կինը տեխնոլոգիաներում՝ դժվար բան չկա, սակայն երբեմն ցանկանում ես տղամարդու պես տեխնիկական ուղեղ ունենալ: 


Մարիամ Մորոզովան

Մարդկանց հետ շփվելու առումով ակամայից սկսում ես ՏՏ ոլորտի մարդկանց փնտրել ու իրենց հետ շփվել, քանի որ նրանց հետ քեզ ավելի հարմարավետ ես զգում:

***
Աշխատանքը ընտանիքի հետ համատեղելու առումով բարդ փուլն անցել եմ, քանի որ աղջիկս արդեն 12 տարեկան է: Այն ժամանակ դժվար էր, բայց ծնողներս շատ են օգնել:

Այս ոլորտի լավ կողմերից է այն, որ կարելի է գրասենյակից դուրս աշխատել: Խոհանոցին ժամանակ շատ քիչ է մնում, հիմնականում շաբաթ-կիրակի օրերին:

***
ՏՏ ոլորտում շատ աղջիկներ կան, եւ դա ինձ ուրախացնում է: Teamable-ում, օրինակ, շուտով արդեն 5-րդ աղջիկն է աշխատանքի ընդունվելու: Երբ սկսեցինք, ես թիմի միակ աղջիկն էի, ու ինձ շատ լավ էի զգում այդ միջավայրում, բայց նաեւ շատ եմ ուրախանում, երբ աղջիկների թիվն ավելանում է: 

***
ՏՏ ոլորտի կինն այլ կանանցից տարբերվում է նրանով, որ ավելի պրակտիկ է, կյանքի նկատմամբ վերաբերմունքն էլ վերածվում է ինչ-ինչ խնդիրների լուծման: Այս ոլորտում իմ ճանաչած բոլոր կանայք շատ կանացի են:


Մարիամ Մորոզովան

***
Իմ՝ երբեւէ ունեցած բոլոր հեռախոսները նվեր են. չեմ հիշում, որ երբեւէ ինքս ինձ համար հեռախոս գնած լինեմ: Հիմա մտածում եմ գնել հայկական ArmPhone հեռախոս, իսկ իմ հեռախոսը նվիրել աղջկաս:

***
Անկախ ամեն ինչից՝ պետք է գործդ սիրես ու առաջ գնաս: Միգուցե կլինեն իրավիճակներ, երբ դժվար կլինի, բայց վստահ եմ, որ ամեն ինչ հնարավոր է:

Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Նկարահանումն իրականացվել է «Բալատուն» սրճարանում