Թամար Դանիելյանը
10:16 | 02.06.16 | Տեխնոլոգիաները եւ կանայք | exclusive 42202
Եթե մի քանի տարի առաջ Հայաստանում ՏՏ ոլորտի ներկայացուցիչ ասելիս պատկերացնում էիր բացառապես արական սեռի ներկայացուցչի, ապա վերջին շրջանում միջազգային շուկաներում հայկական տեխնոլոգիական պրոդուկտների հաջողությունները, ինչպես նաեւ ստարտափների զարգացմանը նպաստող մեծաթիվ ծրագրերը ոլորտն ավելի գրավիչ են դարձրել նաեւ կանանց համար:
Կո՞դ գրել, զբաղվել պրոդուկտի առաջխաղացմա՞մբ, թե՞ թիմին մեկ այլ բանով օգտակար լինել. հնարավորությունները բազմաթիվ են:
Itel.am-ը «Տեխնոլոգիաները եւ կանայք» շարքում ներկայացնում է ՏՏ ոլորտում ներգրավված հայուհիներին:
Թամար Դանիելյանը աշխատում է Մեդիամաքս մեդիա հոլդինգում՝ որպես ծրագրավորող:
***
Մաթեմատիկան հենց փոքր տարիքից էի սիրում: Ծրագրավորումը դրան հարակից ճյուղ է, այդ իսկ պատճառով որոշեցի շարունակել: Ինձ շատ ոգեշնչեց Սանդրա Բուլոքի մասնակցությամբ The Net ֆիլմը, որում նա մարմնավորում է հաքերի:
Թամար Դանիելյանը
***
Կոդի մասին կարող եմ մտածել ամբողջ օրը: Պարտադիր չէ, որ աշխատանքի հետ կապ ունենա, կարող է ինչ-որ հետաքրքիր խնդիր լինել, որը լուծում է պահանջում: Նախկինում լինում էր, որ գիշերը ժամը 3:00-ին արթնանում էի ու հասկանում, որ ինչ-որ խնդրի լուծում եմ գտել: Այդ ժամանակ ցանկանում էի միանգամից համակարգիչը միացնել եւ փորձարկել:
Ծրագրավորողի համար տանը համակարգիչ ունենալը պարտադիր է, քանի որ ցանկացած պահի այն կարող է պետք գալ: Օրինակ, կիրակի առավոտյան ժամը 7-ին կարող եմ արթնանալ՝ հասկանալով, որ ինչ-որ խնդրի լուծում եմ գտել, միացնել համակարգիչն ու աշխատել:
***
Կանանց թիվը ՏՏ-ում քիչ է, քանի որ կանանց գլխում միանգամից տարբեր պրոցեսներ են ընթանում: Կանանց համար իրականում բարդ է կենտրոնանալ եւ երկար ժամանակ նստել ու մտածել մի խնդրի մասին:
Թամար Դանիելյանը
Ծրագրավորող կնոջ ընտրյալը պետք է հաշտվի վառված ճաշերի, մինչեւ գիշերվա երկուսը միացած համակարգչի լույսի առկայության հետ: Իսկ եթե ծրագրավորողների ընտանիք է, ապա երկուսն էլ քաղցած կմնան (ծիծաղում է – խմբ.):
***
Տեխնոլոգիաների ոլորտի կինը մյուս ոլորտի կանանցից տարբերվում է կարճ կտրած եղունգներով. դա կապված է ոչ միայն ստեղնաշարի հարմար օգտագործման, այլեւ ժամանակի բացակայության հետ:
Վեբ ծրագրավորող (Back-end) աղջիկը տարբերվում է վեբ դիզայներից (Front-end): Եթե Back-end-ը կարող է ավելի սպորտային տեսքով ներկայանալ աշխատանքի, ապա Front-end աղջիկը նորաձեւությանն ավելի շատ է հետեւում, երևի թե ամենի ինչում է փորձում գտնել գույների ու տեսքի համատեղություն: Բացառություններ եւս, իհարկե, լինում են:
Թամար Դանիելյանը
***
ՏՏ ոլորտում լինելը տեխնո նորաձեությանը հետեւելը պարտադիր չի դարձնում: Օրինակ, իմ հեռախոսը սովորական հին մոդելի հեռախոս է, ոչ սմարթֆոն: Սակայն, օրինակ մոբայլ
դեվելոփերին անհրաժեշտ է ունենալ նոր սերնդի հեռախոս՝ աշխատանքի բերումով:
Ինձ հեռախոսում հարկավոր չէ ինտերնետ մուտք գործելու գործառույթ: Առհասարակ ես աշխատանքային ժամերից դուրս փորձում եմ ինտերնետից հեռու մնալ: Ի դեպ, սովորական հեռախոսների մարտկոցն ավելի ուշ է նստում. եւս մեկ առավելություն նոր սերնդի հեռախոսների նկատմամբ:
Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի