Ամփոփվել են հունիսի 30-ից հուլիսի 1-ը կայացած Climate Tech երկօրյա հաքաթոնի արդյունքները:
Հաքաթոնը կազմակերպել էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի անտառային եւ դաշտային հրդեհների կառավարման ծրագիրը՝ ՄԱԶԾ ԻմփաքթԷյմ վենչուրային աքսելերատորի եւ Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ:
Հաքաթոնին մասնակցել է 9 թիմ:
Լավագույն լուծում գյուղատնտեսության համար ($2000) մրցանակը համատեղ շնորհվել է Smart City եւ Forest Berg խմբերին:
Smart City-ն ջերմոցի ավտոմատ կառավարման համակարգ է:
Forest Berg-ն անտառների եւ գյուղատնտեսության մեջ խելացի մոնիթորինգի համակարգ է, որը թույլ է տալիս պաշտպանել տարածքները հրդեհներից, ապօրինի ծառահատումներից եւ որսից։
Լավագույն լուծում անտառային տնտեսության համար ($2000) մրցանակը հանձնվել է Datathon խմբին:
Ստարտափը մշակել է համակարգ, որի նպատակը հրդեհներին արագ արձագանքումն է: Համակարգը վերցնելով տվյալներ անտառի առանձնահատկությունների մասին եւ համադրելով առկա մետեո պայմանների հետ, թույլ է տալիս կանխատեսել, թե տվյալ անտառի տարբեր կետերում հրդեհ սկսելու դեպքում ինչպես այն կտարածվի:
Ամենանորարարական գաղափար ($1000) մրցանակին արժանացել է Baskcleaner ստարտափը:
Ստարտափը նախագծել է սարք, որը թույլ է տալիս մաքրել լճում առկա մակերեսային աղբը:
Հաքաթոնի կազմակերպիչ, Անտառային եւ դաշտային հրդեհների կառավարման ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Վարդան Մելիքյանն Itel.am-ի հետ զրույցում ասել է, որ հաքաթոնն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում՝ ուղղված կլիմայի փոփոխության հետեւանքով անտառային եւ գյուղատնտեսական ոլորտներում առկա մարտահրավերներին դիմակայելու նորարարական լուծումների ստեղծմանը։
Նա տեղեկացրել է, որ հաղթող թիմերը մոտ ապագայում կընդգրկվեն Կլիմայի փոփոխության տեխնոլոգիաների աքսելերացիոն նոր ծրագրում:
Նշենք, որ հաքաթոնին նախորդել էր մայիսին կազմակերպված կլիմայական տեխնոլոգիաների թինքաթոնը (Climate Tech Thinkathon), որն օգնել է ոլորտների փորձագետների հետ միասին որոշել հիմնական մարտահրավերները, որոնք էլ դարձել են հաքաթոնի քննարկման առարկա:
Climate Tech հաքաթոնն իրականացվել է Կլիմայի փոփոխության տեխնոլոգիական աքսելերատորի շրջանակում, որը Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում անտառային հրդեհների կառավարման կարողությունների բարձրացման միջոցով կլիմայական փոփոխությունների հետեւանքով առաջացած խնդիրների լուծում» ծրագրի հիմնական բաղադրիչներից մեկն է: