11:04 | 19.04.18 | Նորություններ | exclusive 15864

SmartArmenia-ն Slack-ում կհամախմբի կրեատիվ հայերին

Slack հարթակում ստեղծվել է SmartArmenia հայալեզու խումբը, որի նպատակն է մեկ վայրում համախմբել «կրեատիվ հայերին» դիզայնի, տեխնոլոգիաների եւ մեդիայի ոլորտներից:

Համայնքին կարելի է միանալ՝ լրացնելով այս հայտը:

SmartArmenia-ի հիմնադիր Տիգրան Գրիգորյանցի խոսքով՝ խումբը կրեատիվ ինդուստրիայի պրոֆեսիոնալների համար է, որոնք ցանկանում են քննարկել այն թեմաները, որոնց մասին չպետք է լռել։

«SmartArmenia նախագծի հիմքի վրա մենք ստեղծում ենք վիրտուալ համայնքի նախատիպ, որին մասնակցելն ավելի օգտակար է, քան հանրային սոցիալական ցանցերում հավաքվելը։ Մենք կհարմարեցնենք «խաղահրապարակը» այն գաղափարների թեստավորման համար, որոնք կարող ենք միասին ստեղծել եւ առաջ տանել»,- ընդգծել է նա:

Տիգրան Գրիգորյանցի խոսքով՝ հարթակում կարելի է քննարկել նախագծեր եւ դրանց հետ կապված հարցեր, խոսել բարդ առաջադրանքների մասին եւ լսել խորհուրդներ, որոնք թույլ կտան լուծել ինքնակրթման եւ կարգապահության, տեխնոլոգիական նորույթների, շուկաների դինամիկայի եւ այլ բաների մասին։

«Մասնակիցների միջեւ վստահելի եւ ընկերական հարաբերությունները մեր երկարաժամկետ համագործակցության, փոխօգնության եւ գիտելիքների փոխանակման հիմքն է։ Մենք համոզված ենք, որ ժամանակակից ՏՏ համայնքը կարող է լինել ավելի բաց։ Մենք կհասնենք դրան խոսքով եւ գործով, եթե նույնիսկ սկսենք քչից եւ փոքրից։ Մենք սովորում ենք մեր սխալներից՝ միասին մենք կկարողանանք ետ պահել իրար ճակատագրական սխալներից»,- նշել է նա:

Տիգրան Գրիգորյանցը հարթակն անվանել է ««մտքի ֆաբրիկա», որտեղ ստուգվում են հետաքրքիր նախագծերի համապատասխանությունն ու դիմացկունությունը»։

«Այս պահին ցանկանում ենք հավաքել Հայաստանի ՏՏ ոլորտի մասնագետներին (շուրջ 15 հազար մարդ), որպեսզի ստեղծենք SmartArmenia-ի ամուր բրենդ, հետո արդեն նպատակ ունենք տարածվել դեպի ԱՄՆ եւ Ռուսաստան՝ ներգրավելով այնտեղ բնակվող ՏՏ ոլորտի հայ մասնագետներին»,- եզրափակել է նա: