14:53 | 04.04.18 | Նորություններ | 28760
Beeline-ը հայտարարել է Հայաստանում ստարտափների համար ինկուբատորի ստեղծման մասին։
Beeline Ստարտափ Ինկուբատորի նպատակն է աջակցել հայկական ստարտափներին առաջին քայլերը շուկայում անելու հարցում։ Մասնավորապես, նրանց կտրամադրվի աշխատանքային տարածք, կկազմակերպվեն դասընթացներ եւ վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի եւ PR-ի, ֆինանսական եւ իրավաբանական հարցերի վերաբերյալ։
Յուրաքանչյուր ստարտափ հնարավորություն կունենա 4 ամսվա ընթացքում օգտվել Ինկուբատորի ռեսուրսներից եւ փորձագետների խորհրդատվությունից։
Ստարտափների ներկայացուցիչները կարող են դիմումները լրացնել այստեղ մինչեւ ապրիլի 23-ը։
«ՎԵՈՆ խումբը՝ մասնավորապես Հայաստանում Beeline-ը շահագրգռված է Հայաստանում ստարտափների համար բարենպաստ էկոհամակարգի ստեղծմամբ եւ ստարտափների զարգացմամբ։ Այդ իսկ պատճառով մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկում հայկական ստարտափներին հնարավոր աջակցություն տրամադրելու նպատակով։ Վստահ եմ, որ այս գեղեցիկ գրասենյակն ու մեր փորձագետների խորհուրդները կօգնեն եւ կոգեշնչեն իրենց մեծ հաղթանակների հասնելու համար», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Հայկական ստարտափ էկոհամակարգի կայացումը վճռական դեր է խաղում Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ Էկոհամակարգի հիմնական բացերից մեկը սաղմնային փուլում գտնվող ստարտափների կրթության հարցն է։ Հենց այս խնդրի լուծմանն է ուղղված Beeline Ստարտափ Ինկուբատորի գործարկումը։ Վեոն խումբը՝ լինելով միջազգային տեխնոլոգիական կազմակերպություն, հայկական ստարտափների համար դռներ կբացի դեպի շատ արժեքավոր կապեր, գիտելիքներ եւ հնարավորություններ»,- ասել է Հայաստանում Beeline Ստարտափ Ինկուբատորի ղեկավար Գեւորգ Պողոսյանը։