10:43 | 05.03.18 | Նորություններ | 11844
Ստարտափներով ու ՏՏ ոլորտով հետաքրքրված 30 եվրոպացի երիտասարդ Հայաստան այցի շրջանակում մարտի 2-ին հյուրընկալվել էին Global AМ հասարակական կազմակերպության գրասենյակում։
Պորտուգալիայից, Խորվաթիայից, Էստոնիայից, Մոլդովայից, Սլովենիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Բելառուսից, Լեհաստանից ժամանած ակտիվ երիտասարդները Հայաստանում ուսումնասիրում են տեղական ՏՏ ոլորտն ու իրենց ստարտափները զարգացնելու համար ստանում կիրառական գիտելիքներ։
Global AМ-ը կապող օղակ է ստարտափների, մասնագետների եւ ներդրողների միջեւ: ՀԿ-ն ներգրավում է անհրաժեշտ միջոցներ՝ աջակցելու հայկական ստարտափներին՝ ստեղծման փուլից մինչեւ միջազգային մրցակցային շուկայում հաստատվելը։
Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին պատմել ու իրենց փորձով կիսվել են Global AM ՀԿ նախագահ Գեւորգ Պողոսյանը, Agile աշխատանքի կառավարման փորձագետ, Joomag Armenia-ի սքրամ մաստեր Աննա Զաքոյանը, The Crowdfunding Formula հարթակի հիմնադիր եւ «Քրաուդֆանդինգի 37 գաղտնիքները» գրքի հեղինակ Նարեկ Վարդանյանը։
Հայ խոսնակները ներկաներին պատմել են հայկական հաջողված ստարտափների, համաժողովրդական ֆինանսավորման մասին, նաեւ քննարկել հաջողության ճանապարհին հանդիպած խոչընդոտներն ու գաղտնիքները: Եվրոպացի ուսանողներն էլ ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը։
«Հրաշալի փորձի փոխանակում է՝ եվրոպացի երիտասարդները ծանոթանում են հայկական ստարտափ էկոհամակարգին, մենք էլ ծանոթանում ենք նրանց աշխատանքի, նոր գաղափարների ու հնարավորությունների հետ։ Օրինակ՝ ուկրաինացի ուսանողները բլոկչեյնի կիրառման նոր ուղղություններ են գտել, ցանկանում են մեզ հետ համագործակցել։ Մասնակիցներն իրենց երկրներում ակտիվ ու գործունյա են, այս այցով կգտնեն նոր գործընկերներ ու նոր կապեր Հայաստանում»,- նշել է Global AM-ի նախագահ Գեւորգ Պողոսյանը:
Միջազգային «ՏՏ ձեռներեցության համար հմտությունների ձեւավորում» խորագրով սեմինարը կազմակերպել է Creative Minds («Ստեղծագործ մտքեր») երիտասարդական ՀԿ-ն՝ եվրոպական «Էրասմուս+» ծրագրի շրջանակում։