11:48 | 15.02.18 | Նորություններ | 4320

Հայաստանի թվային փոխակերպման միջազգային ցուցանիշները կբարելավվեն

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ Հայաստանի թվային փոխակերպման ներկայիս միջազգային վարկանիշային ցուցանիշները բավարար չեն։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ դա հատկապես պայմանավորված է անհրաժեշտ ամբողջական վիճակագրական տվյալների եւ մշտադիտարկման գործիքակազմի բացակայությամբ։

«Զուգահեռաբար հարկավոր է ընդլայնել անձանց մատուցվող պետական ծառայությունները թվային գործիքներով տրամադրելու շրջանակը, դրանց միջոցով պարզեցնել վարչարարությունը, նվազեցնել ժամկետները եւ հնարավոր կոռուպցիոն ռիսկերը»,- ասել է Կարեն Կարապետյանը։

«Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարվել է երկամսյա ժամկետում մշակել կոնկրետ գործողություններ՝ ուղղված միջազգային թվային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշի բարելավմանը եւ առաջընթացի ապահովմանը:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին էլ հանձնարարվել է ստանձնել տեղեկատվության եւ հաղորդակցման տեխնոլոգիաների միջազգային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշների բարելավմանն ուղղված մշտադիտարկման եւ համապատասխան մարմիններին մասնագիտական օժանդակության տրամադրման գործառույթը:

Ազգային վիճակագրական ծառայության պետին էլ Կարեն Կարապետյանն առաջարկել է «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ e-Statistics պիլոտային ծրագրի նախաձեռնման եւ իրականացման վերաբերյալ:

Itel.am-ի հարցազրույցը «Թվային Հայաստան» հիմնադրամի տնօրեն Էդուարդ Ներսիսյանի հետ կարող եք կարդալ այստեղ: