12:16 | 07.12.17 | Նորություններ | 17879

ՎիվաՍել-ՄՏՍ-ն Արագածոտնում շարունակում է բնակարանաշինության ծրագիրը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ Ներքին Բազմաբերդ գյուղում լուծվել է եւս մեկ ընտանիքի բնակարանային խնդիր:  

Երկու ամիս առաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես-գործունեությանը ծանոթացած ուսանողները կամավորության սկզբունքով մասնակցել են Մանուկյանների տնամերձ հատվածում մայթերի բետոնացման աշխատանքներին:

Ընթացիկ տարում Արագածոտնի մարզում բնակարանաշինության ծրագրից օգտվել է շահառու վեց ընտանիք:

Վեց տարվա համագործակցության արդյունքում Արագածոտնի մարզում կիսակառույց տան շինարարությունն ավարտել կամ տունը վերանորոգել է 21 ընտանիք:

Ներքին Բազմաբերդ գյուղում եւս մեկ ընտանիքի տան տանիքը վերանորոգել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական նվիրատվությամբ:

«Այստեղ, մեր աշխատակիցների հետ միասին, շինարարությանը մասնակցել են նաեւ ուսանողներ: Երբ նախաձեռնում էինք այդ ամենը, կար կարեւոր նպատակ. երիտասարդությանը կոնկրետ օրինակով ցույց տալ կամավորության արժեհամակարգի կարեւորությունը, միասին հաջողության հասնելու վայելքը եւ անկախ զբաղեցրած պաշտոնից՝ հոգատար եւ պարզ լինելու անհրաժեշտությունը: Ուզում եմ հավատալ, որ այդ հարցում մենք հաջողել ենք: Այդ երիտասարդները վաղը կարող են նույն արժեհամակարգի տարածողը լինել իրենց շրջապատում: Իսկ այսօր կարեւոր ուղերձ ունենք տանտերերին. ամուր կանգնել ոտքի վրա, սահմանել նոր նպատակներ եւ հասնել նաեւ դրանց իրականացմանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2017թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է ավելի քան 31 մլն դրամի, իսկ ընդհանուր առմամբ՝ մոտ  370 մլն դրամի ներդրում՝ բնակարանաշինության ծրագրի իրականացման համար: