11:38 | 22.11.17 | Նորություններ | 21373

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Ամրակից համայնքը լուսավորվել է

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության արդյունքում Լոռու մարզում լուսավորվել է եւս մեկ գյուղ:

2016-ի աշնանը Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղում տեղակայվել էր 54 LED լուսարձակ: Ծրագրի առաջին փուլով համայնքում լուսավորվել էր երկու հիմնական փողոցը։ Ընթացիկ տարվա աշնանն արդեն, ծրագրի երկրորդ փուլով, համայնքում տեղակայվել է 56 LED լուսարձակ։ Երկու փուլի արդյունքում՝ Ամրակից համայնքն ամբողջությամբ լուսավորվել է։

«Ամեն անգամ որեւէ համայնք այցելության ժամանակ, առաջինը տպավորվում եմ մարդկանց լուսավոր ժպիտից: Դա ոգեշնչում է ինձ՝ ցույց տալով, որ քայլ առ քայլ իրականացվող ծրագրերը ճիշտ են ընտրված: Եթե մենք ուզում ենք փոխել մեր հայրենակիցների կյանքը, այն դարձնել ավելի լավը, ապա պետք է սահմանենք կարեւոր նպատակներ եւ առանց տրտնջալու, համառ աշխատանքով լուծենք եղած խնդիրները: Ուզում եմ հավատալ, որ լուսավորված փողոցներն այս գյուղում ոչ միայն արտաքին, այլեւ ներքին՝ մարդկանց հոգեբանության փոփոխության առիթ կդառնան: Լավատեսությունն անչափ կարեւոր է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-00:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-23:00-ը: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: